Նոր մանրամասներ Արտաշատի դպրոցում գրանցված թունավորման դեպքից

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ:
Այսօր, ժամը 11:39 ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եվ կանխարգելման ազգային կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, Արտաշատի բժշկական կենտրոն են գնացել ՀՀ ԿԵ սնդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետները: Պարզվել է, որ սննդային թունավորման ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 3 աշակերտ, որոնց թիվը, ժամը 15:00-ի դրությամբ հասել է 23-ի:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը)::
Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:
Ինչպես հայտնում է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը, նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցի բուֆետին սննդամթերք մատակարարած կազմակերպությունը, որտեղ կատարվել է զննություն, վերցվել են նմուշներ:
Նմուշառումներ են կատարվել նաև դպրոցի բուֆետից և այսօր առաքված սննդամթերքից:
Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:
Այս պահի դրությամբ, քրեական գործի տվյալներով, թունավորումից տուժել է 24 անձ: Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը:
Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։-0-