ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պետք է մնա աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում, երկրում չպետք է տեղի ունենա իրադարձություն, որը ինչ-որ կերպ կարող է խաթարել երկրի հեղինակությունը, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարների հետ կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում։
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը , քննարկման ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ ոստիկանության պետի զեկուցումների կապակցությամբ երկրի ղեկավարը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները ստիպում են ուժեղացնել հանրապետության քաղաքացիների և երկրում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:
«Այս միջոցառումներն առաջին հերթին պետք է կրեն, անշուշտ, կանխարգելիչ բնույթ և որևէ կերպով չպիտի խաթարեն մեր երկրի բնականոն գործունեությունը ու, բնականաբար, որևէ սահմանափակում չպետք է լինի մեր քաղաքացիների համար», – նշել է ՀՀ նախագահը։
Նրա խոսքով` այս առումով էական նշանակություն ունի բոլոր այն մարդկանց պրոֆեսիոնալիզմը, ովքեր ներգրավված են այս միջոցառումների իրականացման գործում:
«Ես կասկած չունեմ, մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք ունենք համապատասխան մասնագետներ, համապատասխան մարդիկ, ովքեր իրենց նվիրել են այդ գործին՝ մեր երկրում անվտանգություն ապահովելու գործին, և նրանք պատվով կկատարեն իրենց աշխատանքը», - նշել է նախագահը։
Նախագահը, որպես իր խոսքերի վառ ապացույց, մատնանշել է նոյեմբերի 25–ի գիշերը տեղի ունեցած միջոցառումը։
Հատուկ ծառայությունները հայտնում են Երևանում զինված խմբի վնասազերծման մասին>>
«Մենք տարիների քրտնաջան աշխատանքով դասվել ենք աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքը, և Հայաստանը պետք է մնա աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում», – ընդգծել է նախագահը։
Նա շնորհակալություն է հայտնել անձնակազմին, ով մասնակցել է զինված հանցախմբի վնասազերծմանը։
Հանրապետության նախագահն իրավասու իրավապահ մարմիններին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ընդգծելով, որ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները պետք է շարունակական և հետևողական բնույթ կրեն
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։
Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում նոյեմբերի 25–ին հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ:
Խուզարկության պահին առանձնատանն Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով (հանցավոր խմբավորման ստեղծում և մասնակցություն) և 235–րդ հոդվածի 3-րդ մասով (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից զենքի անօրինական ձեռքբերումը, պահումը, իրացումը, փոխադրումը կամ կրումը), կատարվում է նախաքննություն:–0–