Մեքենաները տանում են տուգանային հրապարակ, ամիսներով, տարիներով պահում այնտեղ. ՔՊ-ականը՝ Քյարամյանին

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ԱԺ-ում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձավ ՔՊ-ական Էդգար Հակոբյանի հարցին, թե ինչու են տուգանային հրապարակ տարված մեքենաների գործերն ուշանում։
«Ավտոպատահարներով պայմանավորված՝ մեքենաները տանում են տուգանային հրապարակ, շատ դեպքերում ամիսներով, տարիներով մեքենաները մնում են այնտեղ։ Ինչու են գործերն ուշանում»,-հետաքրքրվեց Հակոբյանը։
Քյարամյանի խոսքով՝ ՃՏՊ-ների հետ կապված քննությունը պայմանավորված է դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունից։
«Բոլոր այդպիսի դեպքերով նմանատիպ փորձաքննություններ են նշանակվում։ Ձգձգումը բացառապես պայմանավորված է եզրակացություններն ուշ ստանալու հետ, բայց փորձել ենք միջանկյալ լուծում գտնել։ Փորձում ենք սկզբնական փուլում ներգրավել փորձագետի, եթե դեպքը մահվան ելքով չէ, մեքենան զննելուց հետո ավելի կանխատեսելի դեպքերով մեքենաները տալիս ենք»,-նշեց Քյարամյանը։
Նրա խոսքով՝ պետության համար մեքենաները պահելը մեծ բեռ է, նույնիսկ պահպանման տեղի խնդիր կա։
«Մահվան ելքով դեպքերով մտավախություն կա, որ, օրինակ, դատարանում փորձաքննության որևէ կետ վիճարկվի և կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն լինի։ Այստեղ վտանգավոր նրբություն կա։ Մնացած բոլոր դեպքերում փորձում ենք փորձագետին շուտ ներգրավվել, դա մեր աշխատանքն էլ է ավելի հեշտացնում»,-հավելեց ՔԿ նախագահը։