Մահացել է հոկտեմբերի 27–ի գործով դատապարտյալներից մեկը

03.11.2017, 12:26
Այս գիշեր մահացել է 1999 թ.–ի հոկտեմբերի 27–ին ԱԺ–ում իրականացրած հարձակման մասնակիցներից մեկը։
Մահացել է հոկտեմբերի 27–ի գործով դատապարտյալներից մեկը
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այս գիշեր մահացել է 1999 թ.–ի հոկտեմբերի 27–ին ԱԺ–ում իրականացրած հարձակման մասնակիցներից Էդիկ Գրիգորյանը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը։

«Մահվան պատճառը չեմ կարող նշել։ Նախնական տվյալներով, նա մահացել է սրտի հետ կապված խնդիրներից», – ասաց Ղլեչյանը։

Загружается новость ... "Лево"

1999թ.-ի հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի ղեկավարներին, խորհրդարանի և կառավարության անդամներին։

Ահաբեկիչների զոհերը դարձան ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիխ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։

Ահաբեկիչների դատը սկսվեց 2001թ.-ին և ավարտվեց 2003-ին: Մեղադրող կողմը պահանջում էր առավելագույն պատժամիջոց, սակայն 2003թ.-ի սեպտեմբերին Հայաստանում մահապատիժը վերացվեց՝ ԵԽ պարտավորություններին համապատասխան:

Ցմահ բանտարկության դատապարտվեցին վեց ահաբեկիչներ, այդ թվում` հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման:

Բոլոր յոթը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով՝ հայրենիքի դավաճանություն, ահաբեկչություն, հատկապես վտանգավոր պետական հանցագործությունների իրականացում։ -0-