Հայտնի է դարձել Ռոստով-Գյումրի առաջին չվերթի ամսաթիվը

05.04.2017, 14:24
Չվերթերը իրականացվելու են Boeing 737-500 օդանավերով:
Հայտնի է դարձել Ռոստով-Գյումրի առաջին չվերթի ամսաթիվը
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Դոնի Ռոստովի միջազգային օդանավակայանի (ներառված է «Տարածաշրջանների օդանավակայաններ» հոլդինգի մեջ) չվացուցակում ներառվել է նոր չվերթ` 2017 թ.-ի ապրիլի 26-ից «Տարոն Ավիա» ավիաընկերությունը իրականացնելու է չվերթեր դեպի Գյումրի:

Ինչպես հաղորդում է ռոստովյան օդանավակայանի կայքը, մինչև գարնան վերջ չվերթը հասանելի կլինի ամեն չորեքշաբթի, իսկ մայիսի 31-ից կավելանա նաև երկրորդ հաճախականությունը` շաբաթ օրերին:

Չվացուցակի համաձայն, ինքնաթիռը Գյումրիից մեկնում է ժամը 08:45, Դոնի Ռոստով ժամանում ժամը 09:15-ինմ, Դոնի Ռոստովից մեկնում է 10:45, ժամանում Գյումրի 13:05: Չվերթի տևողությունն է 1 ժամ 20 րոպե:

Չվերթերը իրականացվելու են Boeing 737-500 օդանավերով: Ավիատոմսերն արդեն կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքում:

«Ռոստովի մարզն ու Հայաստանը կապում են ամուր առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային հարաբերություններ, և նոր չվերթի բացումը, անկասկած, կնպաստի դրանց ամրապնդմանը», - նշել է «Տարածաշրջանների օդանավակայաններ» ԿԸ-ի բիզնեսի զարգացման տնօրեն Սերգեյ Դոցենկոն:

Բացի այդ, նա ավելացրել է, որ Դոնի Ռոստովում բնակվում է 300 հազար հայ: «Այն Ռուսաստանում ամենախոշոր հայկական կենտրոններից է, այդ իսկ պատճառով հիմքեր կան մտածելու, որ չվերթերը դեպի Գյումրի պահանջված կլինեն նրանց կողմից», - ասել է Դոցենկոն:

Դոնի Ռոստով-Հայաստան ավիահաղորդակցությունը 2017 թ.-ի գարուն-ամառ շրջանում առկա է նաև «Ուրալի ավիաուղիներ» ավիաընկերության ամենօրյա չվերթով դեպի Երևան:

Այս պահին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթեր իրականացնում են երկու ավիաընկերություններ` տեղական «Armenia»–ն և ռուսական լոուքոսթեր «Պոբեդան»: -0-