Հայ բժիշկների միջազգային հերթական համագումարն առաջին անգամ կկայանա Բուենոս Այրեսում

10.01.2017, 20:46
Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարը կկայանա մայիսի 31-ից հունիսի 2-ը Բուենոս Այրեսում:
Հայ բժիշկների միջազգային հերթական համագումարն առաջին անգամ կկայանա Բուենոս Այրեսում

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարը կկայանա մայիսի 31-ից հունիսի 2-ը Բուենոս Այրեսում (Արգենտինա), հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Առաջին անգամ հայ բժիշկները կմեկտեղվեն Հարավային Ամերիկա մայրցամաքում։

Սփյուռքահայ բժիշկների նախաձեռնությամբ 1976 թվականին Բեյրութում կայացած առաջին համագումարից սկսած այս կառույցն իր վրա է վերցրել կարևոր առաքելություն` միավորելով համայն աշխարհի հայ բժշկական ներուժը, զարգացնել հայրենիքի առողջապահական համակարգը։

Համաժողովները մեկ հովանու ներքո համախմբելու նպատակով 1990թ. Մոնրեալում հիմնված Հայ բժիշկների միջազգային կոմիտեն (AMIC)` սկսած 1992թ. Փարիզի համաժողովից, լուրջ ներդրում ունեցավ համագումարների կազմակերպման գործում: Ներկայումս AMIC-ի նախագահը Ջերրի Մանուկյանն է (Կալիֆոռնիա, ԱՄՆ):

Հայ բժիշկների միջազգային համագումարի կազմակերպիչները նոր մարտահրավերներին զուգընթաց նոր մոտեցումներ են որդեգրել։ Ինչպես իր ուղերձում նշում է 12-րդ համագումարի նախագահ Դանիել Ստամբուլյանը, նորարարական մոտեցումներով վերջին տարիների համագումարների ուղղվածությունը դարձել է ավելի շատ գիտական` ծառայելով ոչ միայն մասնագետների կատարելագործմանը, այլև ամբողջ աշխարհի հայկական առողջապահական համայնքի համար դառնում ոլորտում միջազգային նորությունների, ձեռքբերումների և նորացված մոտեցումների տեղեկատվական հարթակ։    

Բուենոս Այրեսում կայանալիք 12-րդ համագումարի նշանաբանն է «Առողջությունը խթանելու, ինտեգրելու և նորամուծության մարտահրավերներ»։

Համագումարի նախագահ, Արգենտինայում ճանաչված բժիշկ, վարակաբան, Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի «Fidec Armenia» հիմնադրամի հիմնադիր Դանիել Ստամբուլյանը աշխարհի հայ բժիշկներին և բուժքույրերին կոչ է անում օգտվել ընձեռված հնարավորությունից և այցելել Բուենոս Այրես` լրացնելու գիտելիքները, փոխանակելու փորձը և համատեղ քննարկելու Հայաստանի առողջապահական համակարգի մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի դեսպանատունը Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի կազմակերպիչների և Արգենտինայի հայ համայնքի հետ աշխատանքներ են տարել Հայաստանի բժիշկների և բուժքույրերի մասնակցությունը հնարավորինս մատչելի և հետաքրքիր դարձնելու ուղղությամբ։–0–