Հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա՞. թերթ

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Այս օրերին լուրեր են շրջանառվում, որ սեպտեմբերից Երևանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը, գրում է «Հայկական ժամանակը»։
Ընդ որում, ըստ նույն լուրերի, սկզբում թանկացումը նախատեսվել է օգոստոսին, ներքին զորքերին հանձնարարվել է հետաձգել արձակուրդները՝ կանխատեսվող հանրային լարվածության պատճառով:
Հետո սակայն գործընթացը հետաձգվել է մինչև սեպտեմբեր:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը թերթի հետ զրույցում անդրադառնալով այդ հարցին, հերքել է, որ սեպտեմբերին սակագնի փոփոխություն է սպասվում:
«Բայց թե ինչ կլինի ավելի ուշ՝ բարեփոխումների գործընթացի ավարտի արդյունքում, նա դժվարացավ կանխատեսել», – նշում են հոդվածի հեղինակները։
Ինչպես հայտնի է, միջազգային խորհրդատուին՝ անգլիական «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» ընկերությանը պատվիրվել էր ուսումնասիրել, մշակել երթուղային նոր ցանց և ներկայացնել առաջարկների ամբողջական փաթեթ: Դա նախատեսված էր հունիսին:
Թերթի հաղորդմամբ, քաղաքապետարանից հստակ չեն տեղեկացնում՝ միջազգային խորհրդատուն ինչ առաջարկներ է ներկայացրել։ Խորհուրդ են տալիս սպասել առաջիկա օրերին հրավիրվելիք ասուլիսին, որի ընթացքում քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը կպատասխանի հետաքրքրող բոլոր հարցերին։
«Չի նշվում նաև թե ուղևորափոխադրում կազմակերպելու առաջարկված տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում ինչ սակագին է հաշվարկվելու։ Գևորգյանն ասաց, որ ինքը տեղեկություն չունի ոչ այդ տարբերակների, ոչ էլ դրանց դեպքում առաջարկվող սակագների մասին», – նշվում է հոդվածում։
Գևորգյանն, այդուհանդերձ, նկատել է, որ խորհրդատուի առաջարկած տարբերակները դեռևս ոչինչ չեն նշանակում, քանի դեռ չեն ներկայացվել հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի քննարկմանը։ Նաև ընդգծել է, որ քաղաքապետարանը խորհրդատուի առջև խնդիր է դրել չծանրացնել քաղաքացու սոցիալական բեռը։
Գևորգյանի խոսքով, բոլոր տարբերակներից ի վերջո կընտրվի այն մեկը, որն արժանացել է հանրության հավանությանը։–0–