Երեք հրշեջ է ծխահարվել «Նաիրիտում» հրդեհը մարելիս

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երեք հրշեջ–փրկարար է ծխահարվել «Նաիրիտում» հրդեհը մարելիս։
Օգոստոսի 28-ին ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Գերատեսչության տեղեկացմամբ, ժամը 16:15-ի դրությամբ գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց ժամանակ ծխահարվել է երեք հրշեջ-փրկարար։
«Նրանցից մեկին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, իսկ մյուս երկուսը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ նորից վերադարձել են հրդեհի վայր և ներկայումս շարունակում են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԻՆ–ը նաև հաղորդում է, որ իրականացվում են նաև հրդեհին հարակից տարրաների հովացման աշխատանքներ:
«Գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–