Երևանյան փողոցներում, հնարավոր է, հայտնվեն Daimler Buses–ի քաղաքային ավտոբուսները (ՎԻԴԵՈ)

20.01.2019, 11:00
Երևանյան փողոցներում, հնարավոր է, հայտնվեն Daimler Buses–ի քաղաքային ավտոբուսները:
Երևանյան փողոցներում, հնարավոր է, հայտնվեն Daimler Buses–ի քաղաքային ավտոբուսները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագրի համաձայն, Երևանի քաղաքապետարանը սկսել է հանդիպում-քննարկումները ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ: 

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Daimler Buses («Դայմլեր բասիս») ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ: 

Հանդիպմանը ներկայացվել է ընկերության գործունեությունը, մասնավորապես, ավտոբուսների ամբողջական արտադրության գործընթացը: 

Daimler Buses-ը գործարաններ ունի տարբեր աշխարհամասերում, հիմնական շուկաներն են Եվրոպան և Հարավային Ամերիկան: Քաղաքային ավտոբուսների արտադրությունում ընկերության շուկայի մասնաբաժինը Արևմտյան Եվրոպայում շուրջ 30% է, ընկերությունը ամենախոշոր մատակարարն է ողջ Եվրոպայում: 

Քաղաքապետարանում ներկայացվել են տարբեր մակնիշի, տարողության քաղաքային ավտոբուսներ, որոնք աշխատում են նաև հեղուկ գազով և հիբրիդային կամ ամբողջովին էլեկտրական մարտկոցներով:

Daimler Buses ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակել քաղաքապետարանի հետ համագործակցությունը և նշել, որ ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրերով: 

Երևանի քաղաքապետն իր հերթին տեղեկացրել է, որ մոտ ապագայում պատրաստ կլինի մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացնող խորհրդատու կազմակերպության առաջարկների փաթեթը, որի համաձայն էլ պետք է իրականացվի քաղաքային տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը: Հայկ 

Մարությանն ընդգծել է, որ քաղաքը բաց է՝ քննարկելու գործարար համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ, որը միտված կլինի ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանը և կհամապատասխանի մշակված նախագծով սահմանված պահանջներին: 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ գործնականում փորձարկելով Երևանի երթևեկությանը համապատասխանող և քաղաքին հարմար ավտոբուսներ։–0–