ՀՀ օդային տարածքում արգելվել է Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 օդանավերի շահագործումը (ՖՈՏՈ)

14.03.2019, 10:07
ՀՀ օդային տարածքում արգելվել է Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 օդանավերի շահագործումը։
ՀՀ օդային տարածքում արգելվել է Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 օդանավերի շահագործումը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ժամանակավորապես արգելվել է Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում։

Ինչպես հաղորդվում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի Facebook–յան էջում, հաշվի առնելով Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից հրապարակված անվտանգության տեղեկագիրը, ինչպես նաև հաշվի առնելով մի շարք պետությունների` այդ թվում Թուրքիայի և Վրաստանի Օդային տարածքներում Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը արգելող NOTAM-ները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, և համարելով թռիչքային անվտանգությունը որպես առաջնահերթություն, որոշում է կայացրել սույն թվականի մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում։  

Մի շարք երկրների ավիաընկերություններ Եթովպիայում գրանցված ավիավթարից հետո հայտարարել են Boeing 737 MAX 8 տեսակի օդանավերի թռիչքների դադարեցման մասին։ 

Վերջին կես տարում ավիավթարի է ենթարկվել Boeing 737 MAX 8 տեսակի երկու օդանավ։ Այսպես, 2018թ.–ի հոկտեմբերին Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 տեսակի օդանավը կործանվել է Ճավա կղզի մոտակայքում, ինչի հետևանքով զոհվել է 189 մարդ։

Մարտի 10–ին Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որում կար 157 մարդ, այդ թվում` անձնակազմի 8 անդամ, կործանվեց Եթովպիայի Դեբրե–Զեյթ քաղաքի մոտակայքում։ Ավիավթարի հետևանքով օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։

Ավիաընկերությունները մտավախություն ունեն, որ երկու ավիավթարները կապված են Boeing–ի օդանավերի նոր շարքի տեխնիկական անսարքությունների հետ։–0–