Ազգությամբ թուրք տղամարդը, անցնելով Արաքս գետը, ապօրինի հատել է ՀՀ սահմանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

27.07.2017, 12:15
Ազգությամբ թուրք Օզգյուլ Դումանն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը։
Ազգությամբ թուրք տղամարդը, անցնելով Արաքս գետը, ապօրինի հատել է ՀՀ սահմանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ազգությամբ թուրք Օզգյուլ Դումանը մայիսի 23–ին ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը։

Դումանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մայիսի 23–ին Թուրքիայի կողմից հատել է Արաքս գետը և հաղթահարելով սահմանային ինժեներատեխնիկական կառույցները` սողանցելով փշալարերի տակով, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության, Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի հատվածում ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը, նշվում է ՀՀ դատական–տեղեկատվական համակարգում։

Загружается новость ... "Лево"

Նրան  այդ գործում աջակցել է Թուրքիայի մեկ այլ քաղաքացի` Աբդուլբարի Կանատը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղեկանալով, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Օզգյուլ Դումանն ունի խնդիրներ Թուրքիայի տարածքում, ցանկություն ունի ապօրինի կերպով տեղափոխվել Հայաստան, և ստանալով առաջարկություն` հիշյալ հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով օժանդակել է Դումանին, ստանձնել է 10000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց` խորհուրդներով, ցուցումներով և տեղեկություններ տրամադրելով` օժանդակել նրա ապօրինի սահմանահատմանը:

Դումանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 329–րդ հոդվածի 1 մասի հատկանիշներով (պետական սահմանն ապօրինի հատելը), իսկ Կանատին` ՀՀ ՔՕ 38–329–րդ հոդվածի հատկանիշներով (հանցակից լինել պետական սահմանն ապօրինի հատելու գործում)։ Դումանն ու Կանատը կալանավորված են։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: