Ապրիլյան պատերազմին մասնակցած 375 ուսանողներ ուսման վարձի փոխհատուցում ստացան

24.11.2017, 15:17
Ծրագրից օգտվել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական և միջպետական բուհերի ուսանողներ։
Ապրիլյան պատերազմին մասնակցած 375 ուսանողներ ուսման վարձի փոխհատուցում ստացան

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 375 ուսանող նոյեմբերի 24-ին ստացավ ուսման վարձի փոխհատուցում, հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Փոխհատուցումը կատարեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Ծրագրից օգտվել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական և միջպետական բուհերի ուսանողներ։ Տղաներից 82-ը պոլիտեխնիկական համալսարանից են, 59-ը՝ ԵՊՀ-ից, 54-ը՝ պետական բժշկական, 49-ը՝ պետական տնտեսագիտական, նույնքան ճարտարապետության և շինարարության համալսարաններից, 19-ը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտից, 15-ը՝ հայկական պետական մանկավարժական համալսարանից, ֆրանսիական, սլավոնական, լեզվահասարակագիտական, ագրարային համալսարաններից, ԵՊՀ իջևանի մասնաճյուղից, Գավառի, Վանաձորի պետական համալսարաններից, Եվրասիա միջազգային համալսարանից և այլն», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նկատեց, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը առաջիկայում մեծ հնարավորություն են տալու երիտասարդներին, որպեսզի զինծառայությունն իրականացնելով՝ նաև որոշակի սոցիալական խնդիրներ լուծեն, հոգան ուսման վարձը։ Պարոն Ավագյանը նաև շնորհակալություն հայտնեց բուհերի ղեկավարներին՝ մարտական գործողություններին մասնակցած և մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձերը զեղչելու համար», – նշվում է տարածած հաղորդագրությունում։ –0–