Aljazeera–ն պատմել է Հայաստանին սիրահարված ֆիլիպինցիների մասին

29.10.2018, 14:55
Aljazeera հեռուստաալիքը նյութ է պատրաստել Պարսից ծոցի երկրների ֆիլիպինցիների մասին, որոնց գերել է Հայաստանը։
Aljazeera–ն պատմել է Հայաստանին սիրահարված ֆիլիպինցիների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Aljazeera հեռուստաալիքը նյութ է պատրաստել Պարսից ծոցի երկրների ֆիլիպինցիների մասին, որոնց գերել է Հայաստանը։

29–ամյա ֆիլիպինցի Էդվարդ Ռիգորն այս տարվա գարնանը մյուս զբոսաշրջիների հետ ճանապարհորդել է Հայաստանով։ Նրանք այցելել են վանքեր, մագլցել լեռներ, եղել են նաև Ծաղկաձորում։

«Երբ հասանք այնտեղ, բոլորը սկսեցին լուսանկարվել, տեսանյութեր նկարել և ուղիղ եթեր դուրս գալ Facebook–ում և Instagram–ում։ Մենք, կարծես, վերադարձել էինք մանկություն, հանել էինք մեր սվիտերները և խաղում էինք ձյան մեջ։ Մենք միայն մտածում էինք, որ պետք է պարզապես երջանիկ լինել և գնահատել այդ պահերը, քանի որ ոչ մեկ չգիտի, թե երբ նորից ձյուն կտեսնենք», – իր տպավորություններով կիսվել է Ռիգորը։

Նշվում է նաև, որ Հայաստան ժամանած ֆիլիպինցի զբոսաշրջիկներից շատերը աշխատում են Պարսից ծոցի երկրներում։ Տեղի օրենքներից ելնելով` նրանք աշխատանքային վիզայի համար ստիպված են լինում հաճախ հատել սահմանը, և նրանցից շատերը սկսել են օգտագործել այդ «հնարավորությունը» զբոսաշրջության նպատակով։

Հայաստանը նաև ամենամատչելի ուղղություններից մեկն է, իսկ ֆիլիպինյան կրոնական համայնքին Հայաստանում մեծ մասամբ տպավորում են հնագույն վանքերն ու եկեղեցիները։

«Նախկինում մենք այցելում էինք Քիշ կղզի կամ Մուսքաթ (Օման), սակայն երբ հայտնի դարձավ, որ հնարավոր է թարմացնել վիզան Հայաստանում, դա խենթ հնարավորություն դարձավ ֆիլիպինցիների համար, ովքեր երբեք ձյուն չեն տեսել», –պատմել է Ռիգորը։

Էդվարդը դարձել է այն հազարավոր զբոսաշրջիկներից մեկը, ովքեր ամեն տարի այցելում են Հայաստան։ 2014 թ.–ից ֆիլիպինցի զբոսաշրջիկների թիվն ավելացել է` 674–ից դառնալով 22 հազար (2017 թ.), հեռուսատաալիքին հայտնել են Տուրիզմի պետական կոմիտեից, իսկ վերջին ժամանակաշրջանում առնավազն 300 ֆիլիպինցի բնակություն է հաստատել Երևանում։

Բնակություն հաստատածներից մեկը Ռենատո Մերիլան է, ով սեփական հոսթելն ունի Երևանում։ Ամեն ամիս նրանք ընդունում են միջինը 120 զբոսաշրջիկ և տուրեր են կազմակերպում դեպի Գառնու տաճար, Սևանա լիճ և Խոր Վիրապ։

«Դեկտեմբերին ունեցել ենք ավելի քան 300 հյուր, քանի որ ֆիլիպինցիները ցանկանում են ձյուն տեսնել և անցկացնել «իսկական Սուրբ ծնունդ»։ Տարվա ընթացքում ամենատարածված զբոսաշրջային ուղղությունն Արագած լեռն է, որտեղ ամբողջ տարի կարելի է ձյուն տեսնել», – պատմել է Մերիլան։

Ինչ վերաբերում է Ռիգորին, ապա նա նախատեսում է Հայաստան վերադառնալ դեկտեմբերին։–0–