Երևանում ոստիկանները բռնի ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) տարբեր հատկանիշներով քննված երկու քրեական գործ:
«Քրեական գործերից մեկով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 2017 թվականի հոկտեմբերի 27-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որոնց շարքում եղել է նաև ՀՀ ոստիկանության ջոկի հրամանատար Գ. Ս.-ն: Վերջինս տևական ժամանակ հայհոյանքներ է տվել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել վիճաբանության մասնակիցներին», - նշվում է ՀՀ ՀՔԾ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խուլիգանություն կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:
«Խուլիգանության հատկանիշներով հարուցված մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2017 թ.-ի հունիսի 5-ին` Երևան քաղաքի գիշերային ակումբներից մեկի դիմաց, ժամը 01:10-ի սահմաններում, ակումբի աշխատակիցների և մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններ Հ. Ս.-ն ու Ա. Ա.-ն», - նշվում է հաղորդագրությոնում:
Հիշյալ դեպքի առթիվ 2017 թ.-ի հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեում կատարված նախաքննության ընթացքում միջադեպի մասնակիցներից երկուսը ցուցմունքներ են տվել, որ ոստիկանության վերը նշված աշխատակիցներն իրենց տեղափոխել են ակումբի սենյակներից մեկը և քաղաքացիական հագուստով երեք անձանց հետ ծեծի ենթարկել:
«Այսպիսով, հաշվի առնելով, որ խուլիգանության հատկանիշներով հարուցված հիշյալ քրեական գործի նյութերում ևս առկա են ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցագործության հատկանիշներ, ուստի այն նույնպես քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար», - հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:-0-