«Երևանի ՋԷԿ»-ի վաճառքի հարցը երբևէ չի քննարկվել. Էներգետիկայի նախարարություն

31.08.2016, 15:59
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել` կապված շրջանառվող տեղեկություններին այն մասին, որ «Երևանի ՋԷԿ»-ը կարող է վաճառվել «Գազպրոմին» կուտակած պարտքերի դիմաց։
«Երևանի ՋԷԿ»-ի վաճառքի հարցը երբևէ չի քննարկվել. Էներգետիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել` կապված մամուլում շրջանառվող տեղեկություններին այն մասին, որ «Երևանի ՋԷԿ»-ը կարող է վաճառվել «Գազպրոմին» կուտակած պարտքերի դիմաց։

«ՀՀ կառավարությունը երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևանի ՋԷԿ»-ի կուտակած պարտքերի դիմաց՝ կայանը վաճառելու տարբերակը։ Այնպես որ, վերջին օրերին զանգվածային լրատվական միջոցներով շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, որոնք վերաբերում են «Երևանի ՋԷԿ»-ի հնարավոր վաճառքին, որևէ առնչություն չունեն իրականության հետ», – նշվում է նախարարության պարզաբանման մեջ։

«Երևան ՋԷԿ»-ը կարող է վաճառվել «Գազպրոմին». թերթ>>
 
Նախարարությունը նաև նշում է, որ գազի դիմաց «Երևան ՋԷԿ»-ի ունեցած պարտքերը ամենևին էլ նոր չեն։

«Նշված խնդրի վերաբերյալ լրատվամիջոցներում բազմիցս եղել են քննարկումներ։ Տարօրինակ է, որ այն կրկին հայտնվեց օրակարգում։ Առկա պարտքի կառուցվածքը մանրամասն ներկայացվել է դեռևս այս տարվա մայիսի 12-ին ՀՀ կառավարության և Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի միջև ստորագրված «էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրում, որի շրջանակում Համաշխարհային բանկը տրամադրեց 30 մլն. դոլարի վարկ», – նշվում է նախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը նաև հիշեցնում է, որ բազմիցս հայտարարվել է, որ վարկի մի մասը ուղղվելու է «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևանի ՋԷԿ»-ի պարտքի մասնակի մարմանը։

«Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում՝ վերջին ամիսներին պարտքի զգալի մասը մարվել է։ Այժմ այն կազմում է ոչ թե 52,3 միլիոն, այլ՝ 33,8 միլիոն դոլար։ Պարտքի մնացած մասի մարումը նախատեսվում է իրականացնել առաջիկայում։
«Երևանի ՋԷԿ»-ի ֆինանսական առողջացման նպատակով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ստեղծած հանձնաժողովի կողմից արդեն իսկ ձեռնարկվել են միջոցառումներ՝ կայանի ֆինանսական վիճակի բարելավման, ծախսերի օպիմալացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Արդյունքներն արդեն տեսանելի են», – նշվում է հայտարարության մեջ։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ՀՀ նախագահին ներկայացրել է մանրամասն ծրագիր, որով նախատեսվում է մինչև 2017թ. օգոստոսի 1-ը (հերթական սակագնային տարվա սկիզբը) իրականացնել «Երևանի ՋԷԿ»-ի ֆինանսական առողջացման փաթեթի գերակշիռ մասը։–0–