ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 28–ին Երևանում կկազմակերպվի Բագրատունյաց Անիի խոհանոցի կերակուրների շնորհանդեսը։
Միջոցառումը կանցկացվի «Արարատ Հոլ» ռեստորանում, ուրբաթ լրագրողներին ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Նա նշեց, որ ակցիայի ընթացքում կներկայացվի միջնադարյան Անիի վեց ճաշատեսակ։
Հայ շեֆ–խոհարարը մեդալի է արժանացել Հնդկաստանում կազմակերպված օլիմպիադայի ժամանակ>>
«Ճաշատեսակներից մեկը կոչվում է «Ականջապուր» Մենք կառաջարկենք նաև բողկով, մեղրով և արախիսով աղանդեր, «Սոխե տոլմա» և այլ ճաշատեսակներ», – ավելացրեց Մամուլյանը։
Նա ընդգծեց, որ այս ակցիայի նպատակն է հասարակությանն ու խոհանոցի հետ կապ ունեցող մարդկանց ծանոթացնել միջնադարի հայկական ճաշատեսակների պատրաստման տեխնոլոգիաներին։
Ճի՞շտ են, արդյոք, սնվում հայերը. փորձագետի կարծիք>>
«Միջոցառման ընթացքում կներկայացնենք տեսանյութ, որը ներկայացնում է բաղադրատոմսերը փնտրելու պատմությունը։ Կկազմակերպվի նաև Անիի ճաշատեսակների համտես։ Այդ օրը միջոցառման հյուրերը կկարողանան պատվիրել միայն Անիի խոհանոցի ճաշատեսակները», – ավելացրեց Մամուլյանը։
Նա նաև նշեց, որ նախատեսում է մարտ ամիսը նվիրել Անիի խոհանոցի ներկայացմանը։
«Շաբաթը մեկ անգամ մեր համակարգի ռեստորաններում կներկայացվի Անիի խոհանոցը։ Այս գաղափարը մեծ արձագանք է ստացել հայկական ռեստորատորների շրջանում, որոնք դիմում են մեզ կոլեկտիվ հայտերով», – նշեց Մամուլյանը։ –0–