Հայ շեֆ–խոհարարը մեդալի է արժանացել Հնդկաստանում կազմակերպված օլիմպիադայի ժամանակ

26.02.2016, 16:06
Հայաստանցի ուսանող Աննա Մաթևոսյանն արժանացել է Կալկաթայում կազմակերպված Երիտասարդ շեֆ–խոհարարների Young Chef օլիմպիադայի մեդալին` որպես լավագույն մասնակից։
Հայ շեֆ–խոհարարը մեդալի է արժանացել Հնդկաստանում կազմակերպված օլիմպիադայի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանցի ուսանող Աննա Մաթևոսյանն արժանացել է Կալկաթայում կազմակերպված Երիտասարդ շեֆ–խոհարարների Young Chef օլիմպիադայի մեդալին` որպես լավագույն մասնակից։

Օլիմպիադան կազմակերպվել է 2016 թ.–ի հունվարի 26–31–ը, որին մասնակցել են ավելի քան 50 երկիր ներկայացնող խոհարարներ։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի նախագահ Սեդրակ Մամուլյանն ուրբաթ լրագրողներին ասաց, որ Young Chef–ն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Հնդկաստանում, սակայն Հայաստանը մասնակցում է առաջին անգամ։

Նա նշեց, որ Young Chef–ը խոհարարական ակադեմիաների մրցույթ է, և գրեթե բոլոր մասնակիցներն ունեցել են նմանատիպ խոշոր, միջազգային մրցույթներին մասնակցելու փորձ։

«Միջոցառումը կազմակերպվել էր բարձր մակարդակի վրա», – ընդգծեց Մամուլյանը։

«Երբ մրցույթին մասնակցելու հրավեր ստացանք, վստահ չէինք, որ կարող ենք այցելել Հնդկաստան, քանի որ մեր կազմակերպությունն ի վիճակի չէր հոգալ մասնակցության համար անհրաժեշտ բոլոր ծախսերը։ Այդուհանդերձ, Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաև Կալկաթայում հայկական եկեղեցու աջակցությամբ մեզ հաջողվեց մասնակցել օլիմպիադային», – ասաց Մամուլյանը։ 

Երիտասարդ շեֆ–խոհարար, հնդկական օլիմպիադայի դափնեկիր Աննա Մաթևոսյանն իր հերթին նշեց, որ մրցույթին նա պատրաստել էր հայկական, ավանդական ճաշատեսակներ կազմակերպիչների տրամադրած մթերքներից։

«Առաջին փուլում պատրաստեցի հավից ճաշատեսակ` «կոլոլակահատ հագանի», խավարտին` կարտոֆիլից և բրնձից կոլոլակ` համեմելով ճաշատեսակը լոլիկից և սոխից պատրաստված կծու սոուսով», – ավելացրեց Մաթևոսյանը։

Նա նշեց, որ ճաշատեսակը լավ տպավորություն թողեց ժյուրիի անդամների վրա։

Մրցույթի երկրորդ փուլի շրջանակում, բացի պարտադիր ճաշատեսակից, հարկավոր էր պատրաստել նաև աղանդեր` ֆրանսիական կրեմ–կարամել։

«Որպես հիմնական ճաշատեսակ ես պատրաստեցի «Գառնի յարախ» (լցոնած սմբուկ, խմբագրություն), սակայն, ըստ կազմակերպիչների ձևաչափի, մսի փոխարեն ես օգտագործեցի բանջարեղեն։ Այս ճաշատեսակը ևս շատ դուր եկավ ժյուրիի անդամներին», – ավելացրեց Մաթևոսյանը։

Նա ընդգծեց, որ մեծ պատասխանատվություն էր զգում։ «Հասկանում էի, որ պետք է լավ ներկայացնեմ Հայաստանը։ Անկասկած, ես հուզվում էի, քանի որ առաջին անգամ էի մասնակցում նման մրցույթի», – ասաց Մաթևոսյանը։ –0–