Վիեննայում սկսվել է Հայաստանի նախագահի և ԵՄ դիվանագիտության ղեկավարի հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Վիեննայում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը, նշվում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի Twitter–յան էջում։
Ավելի վաղ հայտնի է դարձել , որ շուտով Վիեննայում կսկսվի Սարգսյան–Ալիև հանդիպումը, որին կմասնակցեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները։
«Սա վկայում է այն մասին, որ համաշխարհային հանրությունը մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի կապակցությամբ», – նշել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Ավստրիայի մայրաքաղաքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, Սերժ Սարգսյանը կանցակացնի մի շարք աշխատանքային հանդիպումներ:
ՄԽ-ի համանախագահները նախորդ շաբաթ հայտարարեցին Ավստրիայի մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու մտադրության մասին: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հայտնել է, որ այդ հանդիպմանը մտադիր է մասնակցել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Վիեննայում մայիսի 16-17–ը կգտնվի նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` Լիբիայի կարգավորման հարցով նախարարական խորհրդակցությանը և Սիրիայի օժանդակության միջազգային խմբի նիստին մասնակցելու նպատակով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ԱՄՆ–ն հանդես կգա որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպիչ։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-

