Սերժ Թանկյանը կոչ է արել հայ ընտրողներին ընտրել գոնե չարյաց փոքրագույնը

31.03.2017, 19:49
Սերժ Թանկյանը կոչ արեց հայ ընտրողներին մասնակցել ընտրություններին և քվեարկել գոնե չարյաց փոքրագույնի օգտին։
Սերժ Թանկյանը կոչ է արել հայ ընտրողներին ընտրել գոնե չարյաց փոքրագույնը
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ արեց հայ ընտրողներին մասնակցել ընտրություններին և քվեարկել գոնե չարյաց փոքրագույնի օգտին։

Թանկյանը, հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն ու նրա կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը, ինչպես նաև հայկական սփյուռքի մի շարք հայտնի ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան ԱԺ ընտրություններին որպես դիտորդ հանդես գալու համար։

«Եթե դուք անգամ չգիտեք ում օգտին եք քվեարկելու, մասնակցեք ընտրություններին և քվեարկեք այն կուսակցության և դաշինքի օգտին, որի գաղափարները ձեզ ավելի մոտ են», – հայտարարեց Թանկյանն ուրբաթ ասուլիսի ժամանակ։

Նա նաև նշեց, որ ԱՄՆ–ում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ նա ևս ընտրել է չարյաց փոքրագույնը և քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին։

Թանկյանը նաև հայտարարեց, որ իր համար մեծ պատիվ է որպես դիտորդ մասնակցել Հայաստանի ընտրական գործընթացներին, և նա սփյուռքի մյուս ներկայացուցիչների հետ փորձում է օգնել երկրին։

«Սա ձեր ընտրություններն են, և գտնվելով այստեղ` մենք փորձում ենք օգնել ձեզ այս գործընթացում...Ես չեմ հավատում բռնությանը, որ կարելի է բռնությամբ ինչ–որ բան ստիպել 2,5 միլիոն մարդու։ Ընտրություններին չմասնակցելը ևս ելք չէ։ Մենք ուժեղ ենք և ամեն ինչի տիրակալն ենք։ Ում էլ որ ընտրեք, մենք կաջակցենք և թիկունք կլինենք», – ասաց նա։

Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն Հայաստանում ապրիլի 2–ին, որոնք կլինեն առաջին համապետական ընտրությունները 2015 թ.–ին ընդունված սահմնադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո (2018 թ.–ին)։ Ընտրություններին կմասնակցի 9 քաղաքական կուսակցություն և դաշինք։–0–