«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում

26.05.2017, 17:17
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում:
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում՝ մասնագիտական հմտությունների շնորհիվ մուտք գործելով BMW և Tesla ավտոմեքենաների անվտանգության փակ համակարգեր, հաղորդում է «Ռոստելեկոմի» մամուլի ծառայությունը։

Positive Hack Days համաժողովը յուրօրինակ միջազգային իրադարձություն է, որի ժամանակ դեմ առ դեմ հանդիպում են հաքերային աշխարհի, անվտանգության ոլորտի և ինտերնետ հանրույթի ներկայացուցիչներ՝ միասին քննարկելու ՏՏ անվտանգության առավել արդիական ու առաջնային հիմնախնդիրները։

Համաժողովն անցկացվում էր ՌԴ Մոսկվա քաղաքում մայիսի 22-24–ը։ Երկօրյա համաժողովին մասնակցեցին ավելի քան 5000 այցելուներ ու մասնագետներ ամենատարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Իսրայելից, Կորեայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ղազախստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից։

Համաժողովի ծրագիրը հագեցած էր, ընդ որում տարածքում միաժամանակ տեղի էին ունենում ինչպես դասախոսություն-քննարկումներ, կլոր-սեղաններ, այնպես էլ հաքերային ամենատարբեր մրցույթներ։

«Համաժողովի անցկացման հիմնական նպատակն էր անվտանգության մասնագետների մասնակցությամբ քննարկել ու բացահայտել կիբերանվտանգության մարտահրավերները, զարգացման ուղղությունները, միտումներն ու ռիսկերը», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Բանախոսների թվում էին ոլորտի գիտակներ, անվտանգություն ապահովող և տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ ու մասնագետներ (IBM, Cisco, SPSR Express, այլ), ինչպես նաև բիզնես միջավայրի անվտագության՝ բանկերի, ֆինանսական ու պետական կառույցների ներկայացուցիչներ։

Մասնավորապես, ամենաքննարկված թեմաների շարքում էին համակարգերի խոցելիությունը, IoT անվտանգությունը, բոտերի ներդրումն ու անվտանգ շահագործումը ամենատարբեր ոլորտներում, մոտիվացիան և այլ կարևոր ու արդիական հարցեր, որոնք հետաքրքիր են անգամ ոչ մասնագետին։

Համաժողովի գործնական և գուցե ամենադիտարժան հատվածները մրցույթներն էին, որոնց ժամանակ անվտանգության մասնագետները փորձում էին խափանել ամենատարբեր համակարգեր՝ ավտոմեքենաների, շինությունների, կառույցների, լայն կիրառություն ունեցող մեսինջերների անվտանգության համակարգեր։

Positive Hack Days համաժողովի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ համաժողովի պաշտոնական կայքում:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–