Պլյուշչենկոն հայուհիներին հիասքանչ սառցե շոու կնվիրի մարտի 8–ի կապակցությամբ

04.03.2016, 19:25
Սառույցի թագավորները» սառցե շոուն լավագույն նվերը կդառնա հայուհիների համար մարտի 8–ի կապակցությամբ:
Պլյուշչենկոն հայուհիներին հիասքանչ սառցե շոու կնվիրի մարտի 8–ի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Սառույցի թագավորները» սառցե շոուն լավագույն նվերը կդառնա հայուհիների համար մարտի 8–ի կապակցությամբ, ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց լեգենդար գեղասահորդ, օլիմպիական բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն։

«Իմ վերջին երևանյան շոուն կազմակերպվել է մի քանի տարի առաջ։ Դրանից հետո մենք «մեծացել ենք», ձեռք ենք բերել շոուի անցկացման ավելի մեծ փորձ։ Ուզում ենք հանդիսատեսին ուրախացնել լավ ելույթներով, ինչպես նաև էքստրեմալ գեղասահքով», – ասաց Պլյուշչենկոն։

Նրա խոսքով` շոուի կարևորությունը նաև գեղասահքի ժողովրդականացումն է։ «Պատրաստ եմ ոչ միայն ելույթ ունենալ, այլ նաև կազմակերպել հավաքներ և վարպետության դասեր Երևանում», – ասաց Պլյուշչենկոն։

Իրինա Ռոդնինա. Սիրում եմ Հայաստանը ջերմության և անկեղծության համար>>

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է իր համար գեղասահքը` բիզնե՞ս, թե՞ արվեստ` Պլյուշչենկոն նշեց, որ դա աշխատանք է, ինչպես նաև հույզեր, որոնք լցնում են կյանքը։

 - рис.1

Շոուի պրոդյուսեր Արի Զաքարյանն ասաց, որ չնայած ճգնաժամին, արել է հնարավորը` հայրենակիցներին այդ տոնը նվիրելու համար։ Նրա կարծիքով` որքան ավելի շատ նման միջոցառումներ անցկացվեն Հայաստանում, այնքան ավելի ճանաչելի կդառնա երկիրն աշխարհում։ «Սպասվում են բազմաթիվ հաճելի անակնկալներ, այնպես որ ձեզ հետ վալերիանայի հաբեր վերցրեք», – նշեց Զաքարյանը։

Նա հիշեցրեց, որ շոուն հայ հանդիսատեսի համար պետք է կազմակերպվեր նախորդ տարվա նոյեմբերին, սակայն այն հետաձգվեց նոյեմբերի 13–ին Փարիզում գրանցված մի շարք ահաբեկչությունների պատճառով։ «Շոուին մասնակցում են ֆրանսիացի գեղասահորդներ։ Կոռեկտ չէր լինի այդ օրերին անցկացնել շոուն», – ասաց Զաքարյանը։

«Սառույցի թագավորները» սառցե շոուում, որը տեղի կունենա մարտի 5–ին Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հանդես կգան աշխարհահռչակ գեղասահորդներ Իրինա Սլուցկայան, Տոմաշ Վեռները, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը, Գև Մանուկյանը։ Շոուին կմասնակցի նաև հայտնի երգիչ Դիմա Բիլանը։ –0–