ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկում կալանավորին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Նախնական տվյալներով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, գտնվելով կարանտինային խցում, ապրիլի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ապրիլի 19-ին՝ ժամը 21:30-ի, ինչպես նաև ապրիլի 24-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, կուլ է տվել ասեղ, երկաթի և ապակու կտորներ, ապա այդ մասին հայտնել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին՝ ասելով, որ նշված երեք դեպքերում էլ ցանկացել է ինքնասպանություն գործել։
«Կալանավորն իր գործողությունները պատճառաբանել է քրեակատարողական հիմնարկի որոշ աշխատակիցների վարքագծով՝ նրանց մեղադրելով իր հասցեին արատավոր լուրեր տարածելու, ինչպես նաև իր արժանապատվությունը նվաստացնելու մեջ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում մայիսի 2-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ( սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):
Քրեական գործի շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:–0–