Իսպանիայի Մալագա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

25.10.2016, 16:40
Իսպանիայի Մալագա քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:
Իսպանիայի Մալագա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իսպանիայի Մալագա քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։

Ընդունված հայտարարությունում նախորդ դարասկզբին տեղի ունեցածը բնորոշվում է որպես հանցագործություն մարդկության դեմ, որի հետևանքով ձևավորվեց հայկական մեծ սփյուռքը։

«Մալագայի քաղաքային խորհուրդն նաև իր զորակցությունն է հայտնում աշխարհասփյուռ հայությանը` միաժամանակ նշելով, որ մոտակա ժամանակահատվածում քաղաքապետարանը Մալագայի կենտրոնական զբոսայգում կտեղադրի հայկական խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիա Բունդեսթագը։ -0-