Հայաստանում կավելացվի դատապարտյալների և կալանավորվածների տեսակցությունների քանակն ու տևողությունը

16.12.2015, 21:08
խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները։
Հայաստանում կավելացվի դատապարտյալների և կալանավորվածների տեսակցությունների քանակն ու տևողությունը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Ինչպես նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, օրինագիծն ուղղված է իրավաբանական օգնության համապատասխան իրավունքների (որոնք երաշխավորված են Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով) ապահովմանը ձերբակալված և կալանավորված անձանց համար։

«Փոփոխություններով առաջարկվում է աշխատանքային և հանգստյան օրերին չսահմանափակել փաստաբանների կամ իրավաբանների հետ ձերբակալվածների կամ կալանավորվածների հանդիպումների հնարավորությունը։ Միաժամանան չեն սահմանափակվի նաև նման տեսակցությունների քանակն ու տևողությունը», – ասել է Թաթոյանը։

Նրա խոսքով` օրինագծով նաև նախատեսվում է ավելացնել հարազատների հետ տեսակցությունների թիվը ցմահ դատապարտյալների և այն անձանց համար, ովքեր դատապարտված են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար։ 

Ինչպես նշել է փոխնախարարը, փոփոխություններով նախատեսվում է առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամանակահատվածով կամ ցմահ դատապարտված անձանց տասը տարին լրանալուց հետո տրամադրել ամենաքիչը վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության հնարավորություն։ –0–