Հայաստանի հարավում արձանագրվել է խոզերի անկում. ՍԱՊԾ–ը ստուգումներ է իրականացնում

06.06.2019, 15:30
ՍԱՊԾ–ը ստուգումներ է անցկացնում Սյունիքի մարզի գյուղերից մեկում աֆրիկյան խոզի ժանտախտի բռնկման լուրերի վերաբերյալ:
Հայաստանի հարավում արձանագրվել է խոզերի անկում. ՍԱՊԾ–ը ստուգումներ է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում Սյունիքի մարզի գյուղերից մեկում աֆրիկյան խոզի ժանտախտի բռնկման լուրերի վերաբերյալ: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՍԱՊԾ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

«Մենք ստացել ենք ահազանգ մեծ քանակությամբ խոզերի անկման մասին, հիմա ուսումնասիրվում է իրավիճակը: Կարծում եմ, որ հաջորդ շաբաթ արդեն հայտնի կդառնան ստուգումների արդյունքները», - հայտնեց Հարությունյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում մեծ քանակությամբ խոզերի անկում է գրանցվել: Տեղի բնակիչներից մեկը հայտնել է, որ մոտ 400 գլուխ խոզից մնացել է 10 փոքր խոզ: Նա ենթադրել է, որ անկման պատճառն աֆրիկյան խոզի ժանտախտն է, որը տարածված է նաև այլ մոտակա գյուղերում:

Համայնքի բնակիչները դիմել են Գյուղնախարարություն, ՍԱՊԾ, նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Գյուղապետարանը առաջարկել է օգնել հորել սատկած խոզերը:-0-