Հայկ Հարությունյանի որոնումները շարունակվում են
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի Արմենիա/. Այսօր ժամը 12:30-ի դրությամբ վերսկսվել են Արարատի մարզում անհետացած աուտիզմ ունեցող 14–ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները:
Ինչպես հայտնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը, փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Այնթապ-Սովետաշեն տանող տարածքում:
«Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ժամը 17.00-ի սահմաններում 2004 թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել: Այդ մասին նույն օրը ժամը 23.50-ին ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Հասմիկ Հարությունյանից: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, անչափահաս Հ. Հարությունյանը նկատվել է Այնթապ գյուղի «Ինեսա» սուպերմարկետի մոտակայքում, ինչի մասին բնակիչները զանգահարել են երեխայի հորը՝ Գագիկ Հարությունյանին, սակայն մինչ հոր գալը՝ մոտ մեկ ժամ անց, Հայկ Հարությունյանը հեռացել է նշված վայրից։
14–ամյա պատանուն հայտնաբերելու նպատակով անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում վեր են հանվել Այնթապ գյուղում գտնվող սուպերմարկետի, դրա մոտակայքում առկա գազալցակայանի տեսաձայնագրիչ սարքերի տեսաձայնագրությունները, որտեղ երևում է, որ նա շարժվում է Նորագավիթ թաղամասի ուղղությամբ, ինչից հետո տարածքում առկա տեսախցիկների տեսաձայնագրություններում նրա հետագա շարժը չի գրանցվել:
Այս միջադեպը մեծ արձագանք է ստացել սոցցանցերում։ Օգտատերերը ստեղծել էին բազմաթիվ կամավորական խմբեր և միացել որոնողական աշխատանքներին։ Կորած Հայկի եղբայրը` Գոռը, տեղեկացրել է, որ Հայկը, ով աուտիկ է, իռացիոնալ պահվածք ունի, սովորական մարդու պես չի արձագանքում այս կամ այն իրավիճակին։ Նշվում է նաև, որ Հայկը տանից հեռացել է ոտաբոբիկ։–0–

