ՀՀ–ն դիմել է ՌԴ–ին ԱԷԿ–ի արդիականացման նպատակով տրամադրված վարկի ժամկետը երկարացնելու համար

27.11.2018, 20:43
ՀՀ–ն դիմել է ՌԴ–ին ԱԷԿ–ի արդիականացման նպատակով տրամադրված վարկի ժամկետը երկարացնելու համար:
ՀՀ–ն դիմել է ՌԴ–ին ԱԷԿ–ի արդիականացման նպատակով տրամադրված վարկի ժամկետը երկարացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը դիմել է ռուսական կողմին` առաջարկելով երկարացնել Մեծամորի ԱԷԿ–ի վերազինման նպատակով տրամադրված վարկի ժամկետը, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

«Մեր ֆինանսների նախարարությունը դիմել է ռուսական կողմին` մինչև 2021 թ.–ը պարտքային պարտավորությունների վճարման ժամկետը երկարաձգելու համար, քանի որ վերազինման էֆեկտը մենք ամբողջովին կզգանք միայն 2020 թ.–ից։ Այս փուլում բանակցությունները շարունակվում են», – ասաց նա։

Հայկական ԱԷԿ–ի կապիտալ վերազինման գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերությունն է (ներառված է «Ռոսատոմ» կորպորացիայի էներգետիկ դիվիզիոնում), որը համակարգում է հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացումն ու արդիականացման համար նախատեսված սարքավորումների ձեռքբերումը։

Նախարարի խոսքով, ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման հարցով հայ–ռուսական միջկառավարական համաձայնագրի շրջանակում արդեն ստորագրվել է 52 միջկառավարական համաձայնագիր 204 մլն դոլար ընդհանուր արժեքով։

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ–ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովն իր հերթին նշեց, որ ռուսական կողմն ըմբռնումով է մոտենում վարկի մարման ժամկետի երկարացման մասին Հայաստանի առաջարկին։

«Երբ պլանավորվում էր վերանորոգումը, մենք ելնում էինք կոնկրետ ծավալից (սարքավորումներ և ծառայություններ), սակայն իրականացման ընթացքում ի հայտ եկան լրացուցիչ պահանջներ», – պարզաբանեց նա`ընդգծելով, որ ծախսերի աճը չի ենթադրում հայկական կողմի պարտքային պարտավորությունների ավելացում։–0–