ՀՀ ԱԺ–ն մեկ րոպե լռությամբ հարգել է Ղարաբաղում զոհերի հիշատակը

04.04.2016, 13:08
Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել է Ղարաբաղում զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների հիշատակը:
ՀՀ ԱԺ–ն մեկ րոպե լռությամբ հարգել է Ղարաբաղում զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել է Ղարաբաղում զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների հիշատակը:

Ինչպես նշեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով Ղարաբաղում սկսվել են մարտական լայնածավալ գործողություններ:

«Ցավոք, Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհեր ունենք ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ հերոսաբար զոհված զինծառայողների շրջանում: Խնդրում եմ հարգել նրանց հիշատակը մեկ րոպե լռությամբ»,  – ասաց Շարմազանովը:

ԱԺ նիստին նաև ներկա է Իսրայելի խորհրդարանի պատվիրակությունը, որը գտնվում է Երևանում պաշտոնական այցով և արդեն հանդիպել է Հայաստանի օրենսդիր մարմնի խոսնակի հետ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։

Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 20 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 1 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և Ադրբեջանի ԶՈւ–ի 3 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է մեկ տանկ, ունի 18 զոհ, մոտ 40–ը վիրավոր է։ –0–