Գագիկ Ծառուկյանն առաջիկայում կարող է նոր պաշտոն ստանալ

13.10.2016, 11:23
Նոյեմբերին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը:
Գագիկ Ծառուկյանն առաջիկայում կարող է նոր պաշտոն ստանալ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը, գրում է «Հայկական ժամանակը»` հղում անելով ԲՀԿ-ամերձ շրջանակներին։

Սույն համագումարի ժամանակ, ըստ նույն աղբյուրների, կուսակցությունում նոր պաշտոն է ստեղծվելու՝ ԲՀԿ խորհրդի նախագահ: Այդ պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը ԲՀԿ-ի շուրջ անցյալ տարվա փետրվարին տեղի ունեցած սկանդալային իրադարձությունների ժամանակ լքեց կուսակցության նախագահի պաշտոնը: Ծառուկյանը, սակայն, ԲՀԿ-ից դուրս չեկավ:

Թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է նաև, որ ԲՀԿ գործող նախագահ Նաիրա Զոհրաբյանը կուսակցության նոյեմբերյան համագումարի ժամանակ կրկին կընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում:

Հոդվածի հեղինակները նաև նշում են, որ վերջին մի քանի ամիսներին ԲՀԿ-ն հող էր նախապատրաստում Ծառուկյանի վերադարձի համար:

Երեկ էլ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարում էր, թե ժողովուրդն է պահանջում Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, գրում է թերթը:–0–