ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի առավոտյան ժամը 6–ի սահմաններից «Ֆիրդուսի» շուկայի տարածքում կրքերը թեժացել են։ Վաղուց էր հայտնի, որ շուկան կտեղափոխվի այլ տարածք, սակայն «Ֆիրդուսի» առևտուրը մինչ օրս շարունակվում էր։
«Չորեքշաբթի ժամը 5։30–6։00 սահմաններում անհայտ անձինք եկել են շուկայի տարածք և ցանկացել տրակտորների միջոցով քանդել մեր առևտրային տաղավարները։ Նրանք մեզ չներկայացան, մենք չգիտենք` ով են նրանք, որ կառույցից։ Մեզ ոչ ոք նախօրոք չէր զգուշացրել, որ շուկան այսօր ապամոնտաժվելու է», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց շուկայի աշխատակից Անահիտ Սիմոնյանը։
Հունիսի սկզբին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ Ֆիրդուսի փողոցում գործող շուկան կտեղափոխվի այլ տարածք այդ հատվածում նախատեսված շինարարական աշխատանքների կապակցությամբ։
Սիմոնյանի խոսքով, մեկ ամիս առաջ առևտրականներին զգուշացրեցին, որ շուկան կտեղափոխվի, սակայն ոչ ոք կոնկրետ ժամկետներ չէր նշել։
«Այսօր մենք եկել ենք աշխատանքի և տեսել, որ քանդում են մեր տաղավարները։ Միջամտեցինք և խանգարեցինք նրանց, ինչի արդյունքում ոչ մի տաղավար չապամոնտաժվեց», – ասաց նա։
Միաժամանակ Սիմոնյանը չգիտի, թե ինչպես կզարգանա իրավիճակը հետագայում։
«Դեռ չգիտենք, թե ինչ ենք անելու, ուր կարելի է դիմել։ Մեկ անգամ արդեն դիմել ենք քաղաքապետարան, մեզ ասել են, որ կպատասխանեն մեկ շաբաթվա ընթացքում, սակայն արդեն անցել է մեկ ամիս», – նշեց նա։
Այս պահին շուկայում հանգիստ վիճակ է, սակայն առևտուրը դադարեցված է։ Աշխատակիցները, որոնցից շատերը բնակվում են շուկային հարակից տներում, հայտարարում են, որ չեն պատրաստվում հեռանալ տարածքից և մտադիր են մնալ շուկայում ողջ օրը։
Ապամոնտաժումը նախատեսվում է իրականացնել N33 թաղամասի (Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի տարածք) կառուցապատման նախագծի շրջանակում` 5 հեկտար հողատարածքում, որտեղ կկառուցվի 85 մետր տրամագծով կլոր հրապարակ` բազմահարկ ստորգետնյա ավտոկայանատեղերով։ Այնտեղ նաև կհայտնվեն նոր փողոցներ, հասարակական օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։
Ճարտարապետները կպահպանեն հարակից բոլոր այն շինությունները, որոնք համարվում են ճարտարապետական հուշարձաններ։ Նոր շենքերը կլինեն 5–7 հարկանի։ Կառուցապատման ենթական տարածքները հետագայում նախատեսվում է նոր փողոցների միջոցով կապել «Վերնիսաժին»։
Նախագծի շրջանակում (որը նախատեսվում է իրականացնել 3–4 տարում) կառուցապատման ենթակա շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսը կկազմի 200 հազար քմ։ Թաղամասի կառուցապատման նախագծի արժեքը գնահատվում է 300 մլն դոլար։–0–