«Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել

10.04.2017, 12:29
«Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար:
«Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար, հայտնում է «Հայկական ժամանակ» թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին:

Ինչպես նշում է պարբերականը, նոր Սահմանադրության համաձայն՝ ԱԺ երկու փոխնախագահի պաշտոններից մեկը բաժին է հասնում ընդդիմությանը: Տվյալ դեպքում խոսքը խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող ոչ իշխանական ուժի մասին է, որը «Ծառուկյան» դաշինքն է:

«Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին քառյակը՝ չհաշված Գագիկ Ծառուկյանին, պայքարում է այդ պաշտոնի համար: Հրապարակումների համաձայն, նախապես պայմանավորվածություն է եղել, որ ԱԺ փոխնախագահը պետք է լինի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Իշխան Զաքարյանը», - գրում է պարբերականը:

Քաղաքական կուլիսներում, սակայն, խոսվում է, որ իշխանությունները չեն ողջունում ինչպես նրա, այնպես էլ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Իսկ չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանի թեկնածությունն էլ Ծառուկյանն ինքը չի ցանկանում ներկայացնել:

Թերթը նշում է, որ փորձել է որևէ մեկնաբանություն ստանալ այս ու այլ հարցերի վերաբերյալ, բայց դաշինքի անդամները, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի պատասխանը չունենալու պատճառով, «խորը ընդհատակ են անցել»: -0-