Արմեն Սարգսյանը երդվեց` ստանձնելով չորրորդ նախագահի պաշտոնը

09.04.2018, 12:26
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, ստանձնելով պետության ղեկավարի պաշտոնը, երկուշաբթի հանդիսավոր կերպով երդվեց։
Արմեն Սարգսյանը երդվեց` ստանձնելով չորրորդ նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, ստանձնելով պետության ղեկավարի պաշտոնը, երկուշաբթի հանդիսավոր կերպով երդվեց։

ԱԺ հատուկ նիստի ընթացքում ՀՀ նախագահը երդվեց` աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա։

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում։ Աստված ինձ օգնական», – երդվեց Արմեն Սարգսյանը։

ՀՀ նախագահին օրհնեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Երդմնակալության արարողությունն անցկացվում է Ազգային ժողովի` հատուկ գումարված նիստի ժամանակ` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Նիստը բացեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Նիստին մասնակցում է 92 պատգամավոր։ 

Երդմնակալության արարողությանը հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական–քաղաքական գործիչներ, բարձրագույն հոգևոր և պաշտոնատար անձինք, առաջատար ԶԼՄ–ների ղեկավարներ։

ՀՀ ԱԺ–ն 2018 թ.–ի մարտի 2–ին 90 «կողմ» և 10 «դեմ» ձայներով Արմեն Սարգսյանին ընտրեց ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում։–0–