Yandex Taxi vs gg. տաքսի պատվիրե՞լ եք

23.06.2016, 16:12
Նախորդ հանգստյան օրերին տեղի ունեցած BarCamp Yerevan 2016 ութերորդ երիտասարդական (չ)կոնֆերանսի գլխավոր իրադարձությունը դարձավ օնլայն տաքսի ծառայությունների հակամարտությունը:
Yandex Taxi vs gg. տաքսի պատվիրե՞լ եք
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ հանգստյան օրերին տեղի ունեցած BarCamp Yerevan 2016 ութերորդ երիտասարդական (չ)կոնֆերանսի գլխավոր իրադարձությունը դարձավ օնլայն տաքսի ծառայությունների հակամարտությունը: Yandex Taxi օնլայն ծառայության ներկայացումը խիստ դժգոհություն առաջացրեց հայկական շուկայում արդեն գործող հայրենական ընկերության մոտ, որը որոշեց պայքարել նոր մրցակցի դեմ ոչ միայն շուկայական մեթոդներով:

Yandex-ը սկսում է և ...

Yandex Taxi-ի մարքետինգի տնօրեն Դանիլ Շուլեյկոն BarCamp Yerevan 2016-ի ժամանակ հայտնել է, որ ռուսական ընկերությունը կսկսի իր աշխատանքը Հայաստանում հուլիսի 1-ից: Ընդ որում, ընկերությունը նախատեսում է առաջարկել շատ ավելի ցածր սակագներ, քան այժմ գործում են հայկական շուկայում: Առաջին երկու կիլոմետրը կարժենա 100 դրամ, և ևս 100 դրամ` յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրի համար։ «Վարորդներն ավելի շատ գումար կվաստակեն, իսկ ուղևորներն ավելի քիչ կծախսեն», - նշել է նա։

Ընդ որում, Yandex Taxi-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ Երևանում տաքսու շուկան զգալիորեն տարբերվում է մոսկովյան շուկայից: Երևանում 1,054 մլն մարդուն բաժին է ընկնում շուրջ 25 հազար տաքսի. 1 մեքենա` 42 մարդու համար: Եվ միայն դրանց կեսը պաշտոնական լիցենզիա ունի:

Երևանում 40 մարդուն բաժին է ընկնում 1 մեքենա, Մոսկվայում` 200 մարդուն: Այդ իսկ պատճառով ծառայությունն առավել որակյալ դարձնելն այնտեղ ավելի դժվար է, քանի որ հարկավոր է ավելի շատ օպտիմալացնել ալգորիթմերը, ավելի շատ ներդրում կատարել», - ավելացրել է նա:

Շուլեյկոն նաև նշել է, որ Yandex-ը, հայկական շուկա դուրս գալու կակապցությամբ, է Երևանի քարտեզ է մշակում, և մի քանի շավաթից այն պատրաստ կլինի: «Հենց այս պահին քաղաքի փողոցներով երթևեկում են շուրջ 50 հեծանվորդներ, որոնք պարզապես լուսանկարում են ձեր քաղաքը` մեզ համար ստեղծելով Երևանի լավագույն քարտեզը, դա մեր առանձին նվերն է այս երկրին», - ընդգծել է Շուլեյկոն:

gg-ի նյարդային արձագանքը

gg հայկական ընկերության համահիմնադիրներից մեկը` Խաչատուր Գրիգորյանը, իր խոսքում բացասաբար արձագանքեց Yandex Taxi-ի հայկական շուկա դուրս գալուն: Եվ, մասնավորապես, բացասաբար ընդունեց այն փաստը, որ նրանց հնարավորություն էր տրվել ներկայանալ BarCamp Yerevan-ի ընթացքում:

«Դավաճանություն է այս միջոցառմանն իրեն լկտիաբար պահող նման մրցակից ընկերությանը մեր ռեսուրսներով գովազդելը», - հայտարարել է նա:

Գրիգորյանը տեղեկացրել է, որ երկու ամիս առաջ նրանց այցելել են Yandex Taxi-ի ներկայացուցիչները և առաջարկել գնել gg-ն: «Նրանք 4 մլն դոլար էին առաջարկել մեր ընկերության համար: Եվ սպառնում էին, որ երբ գան մեր քաղաք, ընդամենը 5-6 ամսում կհասնեն մեր թվերին», - ասել է նա:

Ընդ որում, ինքը` Գրիգորյանը, գնահատել է gg-ի շուկայական արժեքը 5 մլն դոլար, քանի որ Yandex-ի առաջարկից հետո երկու ամսվա ընթացքում ընկերությունն աճել է 25-30 տոկոսով:

Նա նշել է, որ gg-ի արժեքը 2014 թ.-ին 0 դոլարից աճել է մինչև 5 մլն 2016 թ.-ին` ունենալով ընդամենը 150 հազար դոլարի ներդրում: Եվ նրանք նախատեսում են հասցնել ընկերության արժեքը մինչև 50 միլիոնի 2017 թ.-ին: Բացի այդ, նրանք նշել են, որ Yandex Taxi-ի մուտքի հետևանքով ընկերության մոտ խնդիրներ են առաջացել նոր ներդրողների որոնման հարցում:

Հայրենասիրությունը և շուկան

Գրիգորյանի ելույթն, ըստ էության, առանձնանում էր հայրենասիրության և պատմական էքսկուրսի շեշտադրմամբ: Նա կոչ էր անում Հայաստանի քաղաքացիներին և իշխանություններին աջակցել հայրենական ընկերություններին օտարերկրյա մրցակիցների հետ պայքարում, ինչը, բնականաբար, հարցեր առաջացրեց, թե ինչու ընկերությունը չի ցանկանում մրցակցել շուկայական պայմաններով և շեշտադրում է ազգային գաղափարախոսությունը:

gg-ի ներկայացուցիչը բավական բուռն էր արձագանքել այդ հարցերին` հայտարարելով, որ նրանք պատրաստ են մրցակցային պայքարին Yandex Taxi-ի հետ: Նա նաև հայտարարել է, որ մրցակցությունը բխում է նրանց ընկերության հետաքրքրություններից, կօգնի ավելի լավը դառնալ։

Նրա կարծիքով, Yandex Taxi-ի մուտքը Հայաստան և իրենց ընկերությունը գնելու փորձը կանխարգելիչ հարված է, քանի որ ռուսական ընկերությունը չի ցանկանում թույլ տալ gg-ին դուրս գալ ռուսաստանյան շուկա:

«Հարկավոր է մրցակցից ավելի բարձր նշանաձող սահմանել: Այս պահին Yandex-ը մեզ համար փոքր խոչընդոտ է, որ պետք է հաղթահարենք` ապացուցելու համար, որ կենսունակ ենք: Եթե հաղթահարենք, շատ ուժեղ կդառնանք: Եթե` ոչ, կհիշեք այս ելույթը և կծիծաղեք ինձ վրա», - հայտարարել է Գրիգորյանը:

Սակայն շնորհանդեսին ներկա հանդիսատեսից մեկը Գրիգորյանից էլ ավելի հեռուն գնաց և մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի առաջատար ընկերություններից շատերը պատկանում են ռուսական կապիտալին և հայկական տնտեսության բոլոր ոլորտները «ռուսիֆիկացվում» են: Եվ, անալոգներ անցկացնելով տաքսու շուկայի և էլեկտրաէներգիայի սակագների միջև, առաջարկել է արդեն հիմիկվանից պայքարել Yandex-ի դեմ` ապագայում տաքսու ծառայության բարձր սակագներից չդժգոհելու նպատակով:

Գրիգորյանը, ի պատասխան այդ առաջարկին, կոչ է արել իր ելույթում հակառուսական միտումներ չփնտրել` ընդգծելով, որ միայն կոչ է անում աջակցել հայրենական ընկերություններին:

Տնտեսվարող սուբյեկտների միջև մրցակցային պայքարը ազգային գաղափարախոսության հարթություն տեղափոխելու փորձը, առավել ևս, դրան հակառուսական երանգ տալը բուռն բանավեճեր է առաջացրել սոցիալական ցանցերում:

Ինչպես նաև մի շարք հարցեր է առաջացրել` ինչպես նման մոտեցման դեպքում կարելի է ակնկալել գրավել խոշոր օտարերկրյա ներդրողների, սպասարկման որակի բարելավմանը և գների էժանացմանը վերաբերող հարցեր: Հատկապես այն պարագայում, երբ gg-ի ներկայացուցիչը կոչ է անում շատ բծախնդիր չլինել սպասարկման որակի հանդեպ` հանուն հայրենական ընկերությունների աջակցման: Եվ արդյոք Yandex Taxi-ի հակառակորդները նույնքան սկզբունքային կլինեին, եթե հայկական շուկա ցանկանար մտնել, օրինակ, արևմտյան Uber ընկերությունը:

Ամեն դեպքում հարկ է հիշել, որ հայկական տնտեսությունում առանց դրա էլ շատ են մենաշնորհային ոլորտները: Եվ հայկական շուկա նման խոշոր դերակատարի մուտքը, ինչպիսին Yandex-ն է, թույլ կտա մրցակցություն ստեղծել գոնե օնլայն տաքսի ծառայությունների շուկայում:

Հայկ Խալաթյան` քաղաքական տեսաբան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար:

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: -0-