Վայրի բնության համաշխարհային օր. ի՞նչն է սպառնում Հայաստանի ֆլորային և ֆաունային

03.03.2016, 18:00
Մարտի 3-ին աշխարհում նշվում է Վայրի բնության համաշխարհային օրը:
Վայրի բնության համաշխարհային օր. ի՞նչն է սպառնում Հայաստանի ֆլորային և ֆաունային
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 3-ին աշխարհում նշվում է Վայրի բնության համաշխարհային օրը, որը թույլ է տալիս նորից ու նորից մարդկության ուշադրությունը կենտրոնացնել կենդանական և բուսական աշխարհի գեղեցկության և բազմազանության պահպանման վրա, ինչպես նաև բարձրացնել մարդկանց իրազեկությունը բնության պահպանության կարևորության վերաբերյալ:

Մոլորակի անտառային ռեսուրսները կրճատվում են հսկայական տեմպերով` ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության գնահատականներով, վերջին 25 տարիներին անտառների մակերեսն աշխարհում նվազել է 31,6%-ով` մինչև 3.9 միլիարդ հեկտար: Սակայն դա սարսափելի վտանգի միայն մի դրվագն է, չէ՞ որ ֆլորայի և ֆաունային տեսակների անհետացման տեմպերը 50–100 անգամ գերազանցում են բնականները:

Հաշվի առնելով համաշխարհային միտումները` երկրի երեսից անհետացման սպառնալիքի առջև կանգնած են 34 տեսակներ, ընդ որում` ինչ-որ մի պահի այդ ամենը կարող է անդառնալի բնույթ կրել: ՄԱԿ-ը զգուշացնում է, որ աշխարհը կանգնած է մարդու ստեղծած ամենամեծ ճգնաժամի առաջ, ինչը կհանգեցնի ավելի շատ տեսակների անհետացման, քան տարերային աղետը, որի հետևանքով վերացան դինոզավրերը 65 միլիոն տարի առաջ:

Հայաստանի էկոլոգիան` ինչպե՞ս օգնել

Ինչպես հայտնեց Pro Paws կենդանիների պաշտպանության բրիտանական բարեգործական կազմակերպության հայ ներկայացուցիչ Նարե Արամյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, բնության պահպանության և հանրապետությունում կենդանիների պաշտպանության ոլորտում իրավիճակը, մեղմ ասած, բարելավման կարիք ունի:
«Եթե հակիրճ լինեմ, ապա իրավիճակը սարսափելի է: Եթե ավելի մանրամասն, ապա տարածաշրջանում բնության պահպանության առումով մեզ մոտ ամենավատ վիճակն է, ընդ որում` բոլոր չափանիշներով, մասնավորապես, օրենսդրական, կրթական, քարոզչական առումներով»,- ասաց Արամյանը:

 - рис.1

Ըստ նրա, անհրաժեշտ է հասկանալ, որ հնարավոր չէ երկարաժամկետ առումով հարցեր լուծել բարեգործական կամ հասարակական կազմակերպությունների մակարդակով: Արամյանն ընդգծեց, որ տվյալ դեպքում պարտադիր է պետության աջակցությունը, որը պետք է լուծի բնության և կենդանիների պաշտպանության հարցերը համալիր կերպով:

«Կենդանիների նկատմամբ կոպիտ, բնության հանդեպ անփույթ վերաբերմունքը այլևս քրեականապես պատժելի արարք չէ Հայաստանում, այնպես որ, կարելի է ասել, որ օրենսդրական դաշտը բացակայում է, և իրավիճակն օրեցօր վատանում է»,- ասաց նա:

Հայաստանի անհետացող կենդանա- և բուսատեսակները

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) տեղական ներկայացուցչության տվյալներով, Հայաստանն աչքի է ընկնում իր չափազանց հարուստ լանդշաֆտով և կենսաբազմազանությամբ:

Հայաստանի տարածքում է աճում Կովկասի անոթային բույսերի ֆլորայի բոլոր տեսակների գրեթե կեսը (մոտ 3,8 հազար), գրանցված է ջրիմուռների 428 տեսակ, մամուռների 399 տեսակ, սնկի 4207 տեսակ, քարաքոսերի 464 տեսակ, 549 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, իսկ անողնաշար կենդանիների թիվը հասնում է 17,2 հազար տեսակի:
Սակայն, ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը FPWC-ից, հանրապետության անտառային զանգվածները ոչ միայն նկատելի կրճատվել են, այլ նաև որակական փոփոխությունների են ենթարկվել` սկսվել է հողի դեգրադացիա, բազմաթիվ տեսակներ անհետանում են: Ընդ որում` ինչ-որ տեսակի վերացում արդյունքում բացասաբար է անդրադառնում մյուսների (այդ թվում` բույսերի, սնկերի) վրա:

Այսօրվա դրությամբ, հիմնադրամի տեղեկությամբ, Հայաստանի «Կարմիր գրքում» ընդգրկված է անհետացման եզրին հայտնված ողնաշարավորների 156 տեսակ: Հատկապես վտանգված են հայկական մուֆլոնը և կովկասյան ընձառյուծը` Հայաստանում նրանց ընդամենը մի քանի առանձնյակ է մնացել:

 - рис.2

Դեռևս 2013 թվականին կովկասյան ընձառյուծի արուն և երկու էգերը հայտնվել էին լուսանկարչական և տեսախցիկների օբյեկտիվներում: Ընդհանուր առմամբ, վայրի բնության մեջ կովկասյան ընձառյուծի առանձնյակների ընդհանուր թիվը չի գերազանցում 1.3 հազարը:

 - рис.3

Ինչպե՞ս պաշտպանել վայրի բնությունը

FPWC-ի տվյալներով, Հայաստանում 2016 թվականին ծրագրվում է իրականացնել բազմաթիվ նախագծեր, որոնցից մեկը Վայրի կենդանիների փրկության կենտրոնի ստեղծումն է: Կենտրոնի մասնագետները զբաղվելու են վայրի կենդանիների հետ պատահող միջադեպերի կարգավորմամբ և փրկելու են նրանց, օրինակ, բներից ընկած թռչունների ձագերին, վրաերթի ենթարկված կենդանիներին և այլն:-0-