Լրագրությունը Հայաստանում վերածվում է էքստրիմի. ԶԼՄ–ների դիմաց փակվում են բոլոր դռները

12.03.2018, 18:34
Հայաստանի Ազգային ժողովը մարտի 7–ի արտահերթ նիստում ընդունեց «Հայաստանի կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը։
Լրագրությունը Հայաստանում վերածվում է էքստրիմի. ԶԼՄ–ների դիմաց փակվում են բոլոր դռները
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովը մարտի 7–ի արտահերթ նիստում ընդունեց «Հայաստանի կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը։ Օրենքի 10–րդ կետի համաձայն, կառավարության նիստերն այսուհետ կանցկացվեն փակ ռեժիմով։ Միայն նիստերի մի մասը վարչապետի որոշմամբ բաց կլինի մամուլի համար։

Փոփոխություններ են կատարվել նաև Երևանի ավագանիների խորհրդի գործունեությունը լուսաբանող լրագրողների աշխատանքի կանոնակարգում։ Խորհրդի նիստերն այսուհետ նույնպես փակ են լինելու։

Հայաստանի հասարակական և լրագրողական շրջանակներում այս կապակցությամբ բուռն բանավեճեր են ծավալվել իշխանությունների գործունեության թեմայով, որն ուղղված է լրատվամիջոցների գործունեության սահմանափակմանը։ Այս առիթով կարծիք է արտահայտել Հայաստանի խոսքի պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Հայկական ժամանակ» և «Հրապարակ» թերթերի գլխավոր խմբագիրներ Աննա Հակոբյանը և Արմինե Օհանյանը։

Հայաստանը կարող է հայտնվել փակուղում

Հայաստանի խոսքի պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հայտարարել է, որ լրագրողների գործունեության ազատության սահմանափակումը պետք է հետաքրքրի ոչ միայն և որ այնքան լրագրողներին, որքան ամբողջ հասարակությանը, քանի որ ԶԼՄ–ներն աշխատում են հենց հասարակության համար։

«Հասարակությանը զրկում են երկրում կատարվածի մասին իմանալու հնարավորությունից։ Դա վատ է ոչ միայն խոսքի ազատության տեսանկյունից, այլ նաև տանում է փակուղի, որոշակի տեղեկատվական վակուում է ստեղծում, որտեղ հասարակությունն ու իշխանությունը գոյություն ունեն իրարից առանձին»,– ասաց Մելիքյանը։

Загружается новость ... "Лево"

Նա նշել է, որ Հայաստանում լրագրողների գործունեության սահմանափակումն ինչ–որ նոր բան չէ, այլ շարունակում է իշխանությունների նպատակաուղղված քաղաքականությունը։
«2015 թվականին «Պետգնումների մասին» օրենքում ընդունած լրացումների համաձայն, պետության առաջին երեք դեմքերի համար իրականացվող գնումները գաղտնի են դարձել, ինչն անհեթեթություն է։ Չէ՞ որ, եթե մենք պայքարում ենք կոռուպցիայի, պաշտոնեական չարաշահումների և ոչ նպատակային ծախսերի դեմ, ապա, նախևառաջ, հասարակության համար պետք է բաց լինի երկրի բարձրագույն քաղաքական վերնախավը»,– ասաց Մելիքյանը։

Հասարակությունը` առանձին, իշխանությունները` առանձին

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նշեց, որ նմանատիպ դրսևորումները վկայում են, որ այսօր Հայաստանում իշխանությունն ու հասարակությունը մի գետի տարբեր ափերին են։

«Եթե ավելի վաղ ԶԼՄ–ների համար սահմանափակումները չնչին էին, ապա տարեցտարի դրանք ավելանում են։ Լրագրությամբ զբաղվելը նմանվում է էքստրեմալ սպորտի։ Հավանաբար, իշխանությունն ամեն կերպ փորձում է առանձնանալ հասարակությունից»,– ասաց Օհանյանը։

Նա միաժամանակ նշեց, որ ԶԼՄ–ների գործունեության սահմանափակումներն ազդում են վերջնական պրոդուկտի որակի վրա, և ընթերցողը/հասարակությունն արդյունքում ոչ լիարժեք տեղեկություն են ստանում։

«Վերջին տարիներին իջել է գերատեսչությունների և նախարարությունների մամուլի քարտուղարների աշխատանքի որակը։ Եթե նախկինում նրանք կարող էին ազատ շփվել լրագրողների հետ, նույնիսկ հանդիպում–հարցազրույցներ կազմակերպել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ապա վերջին ժամանակներում այդպիսի բան չի կատարվում։ Բազմաթիվ գերատեսչություններ սկսել են շփվել ԶԼՄ–ների հետ միայն գրավոր հարցումների միջոցով»,– ասաց Օհանյանը։

Օրենսդրական արգելքներ` ֆիզիկական բռնության փոխարեն

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունների` լրատվամիջոցների համար տեղեկատվության աղբյուրների հասանելիության փակմանն ուղղված քայլերը եկել են փոխարինելու բռնի գործողություններին, որոնք իրականացվել են Հայաստանում լրագրողների նկատմամբ նախորդ տասնամյակների ընթացքում։

«Եթե նախկինում լրագրողներին կամ խմբագիրներին կարող էին ծեծել, սպառնալ կամ «քաշքշել» դատարաններով, ապա այժմ այդ բռնի մեթոդները փոխարինվել են տեղեկատվության աղբյուրների հասանելիության սահմանափակման «քաղաքակիրթ» մեթոդներով»,– ասաց Հակոբյանը։

Նա նաև նշեց, որ լրագրողների աշխատանքը կբարդանա ոչ միայն կառավարությունում կամ Երևանի քաղաքապետարանում, այլ նաև մյուս պետկառույցներում։

«Եթե մենք հռչակել ենք «Ազգ–բանակ» կարգախոսը, բայց միևնույն ժամանակ սահմանում պատահարների և վիրավորների մասին լիարժեք տվյալներ չենք տրամադրում, ապա ակնհայտ է դառնում, որ այն կյանքի չի կոչվի»,– ասաց Հակոբյանը։

Բոլոր փորձագետները համակարծիք են, որ եթե շարունակեն խոչընդոտել լրագրողների գործունեությանը, իսկ տեղեկատվությունը հասարակության համար ավելի փակ դառնա, ապա դա հղի կլինի անկանխատեսելի հետևանքներով։ Չէ՞ որ, տեղեկատվական վակուումն անորոշություն և երկրում կատարվող քաղաքական, տնտեսական և հասարակական գործընթացների սխալ ընկալում է ծնում։ -0-