Ի՞նչ է փորձում բռնել Ալիևը պղտոր ջրում

30.11.2015, 19:49
Նրանից հետո, երբ Թուրքիան հրաժարվեց ներողություն խնդրել Սիրիայում խոցված ռուսական օդանավի համար, տարածաշրջանում սկսվեց աշխարհաքաղաքական ճգնաժամի մի նոր, հաշվով X–րդ շրջապտույտը, որում հայկական խնդիրն առանցքային դարձավ:
Ի՞նչ է փորձում բռնել Ալիևը պղտոր ջրում
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նրանից հետո, երբ Թուրքիան հրաժարվեց ներողություն խնդրել Սիրիայում խոցված ռուսական օդանավի համար, տարածաշրջանում սկսվեց աշխարհաքաղաքական ճգնաժամի մի նոր, հաշվով X–րդ շրջապտույտը, որում հայկական խնդիրն առանցքային դարձավ, ընդ որում` հակառակորդ երկու կողմերի համար էլ։ Մինչ Մոսկվան սպառնում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, Անկարան պատասխանում է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության սրման սպառնալիքներով։

Ընդ որում, Երևանը հետևում է «տիտանների մարտին» բնորոշ սառնասրտությամբ, առանց հատուկ ակնկալիքների, արդեն իսկ հասկանալով, որ նրանք վաղ թե ուշ կհաշտվեն` մոռանալով բոլոր սպառնալիքները մինչև տարածաշրջանում շահերի հաջորդ բախումը։ Իսկ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը Կովկասում բախվում են նախանձելի պարբերականությամբ։ Ադրբեջանը, հակառակը, որոշեց օգտվել երկու հարևանների վեճից և ինքնիրեն առաջարկեց որպես ռուս–թուրքական ճգնաժամի կարգավորման միջնորդ։ Ճիշտ է, Իլհամ Ալիևի ջանքերն այդքան էլ չգնահատվեցին։ Ավելին, թուրքական ԶԼՄ–ները նրան մեղադրեցին Ռուսաստանի շահերի լոբբինգի մեջ։ Ռուսական ԶԼՄ–ներն ընդհանրապես հիմնականում անտեսեցին ադրբեջանցի նախագահի շռայլ ժեստը։


Բայց փոխարենը դրան հետաքրքիր կերպով արձագանքեց ադրբեջանական քաղաքական դաշտը։ ԶԼՄ–ները և քաղաքական գործիչները վառ արտահայտված դիրք զբաղեցրին, իսկ այն քչերին, ովքեր կոչ արեցին Թուրքիային ներողություն խնդրել Ռուսաստանից, պիտակավորեցին որպես «դավաճաններ» և «Կրեմլի կամակատարներ»։ Ադրբեջանական քաղաքական իսթեբլիշմենթի տրամադրությունների վրա ազդեց, իհարկե, հայկական թեմատիկայի արդիականացումը ռուսական լրատվական դաշտում։ Վլադիմիր Ժիրինովսկու` հայերի պատմական հողերն ազատագրելու կոչից հետո Ռուսաստանի կողմնակիցների հնարավորություններն այդ հակամարտությունում զրոյացան։


Ճիշտ է, հենց Ադրբեջանում անսպասելի իրադարձությունները շատ արագ մամուլի շապիկներից դուրս մղեցին երկու ազդեցիկ հարևանների միջև տարաձայնությունները։ Կրոնավորությամբ աչքի ընկնող Նարդարան ավանում, որը գտնվում է Բաքվից 25 կմ դեպի հյուսիս, նոյեմբերի 26–ին բախվեցին աստվածաբան Տալե Բաղիզադեի կողմնակիցները և աղբատար մեքենայով ավան մտած իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Փոխհրաձգության հետևանքով զոհվեցին շեհիդ հայտարարված երկու ոստիկաններ և հինգ տեղի բնակիչներ, որոնց մարմինները մինչ օրս հարազատներին չեն հանձնում։ Նարդարանից հետո աշխուժացավ մեծությամբ ադրբեջանական երկրորդ քաղաքը` Գյանջան, և թալիշաբնակ Լյանքյարանը։

Ավանի շրջափակումը ներքին զորքերով, հոսանքազրկումն ու կապի ընդհատումը, զանգվածային ձերբակալությունները` այս ամենի միջով Ադրբեջանն արդեն անցել է Բենանյարում, Գուբայում, Իսմայըլիում։ Խնդիրն այն է, որ շարիաթի օրենքներով ապրող 9–հազարանոց ավանում, ուր իրավապահ մարմիններն առանց ավելորդ անհրաժեշտության ընդհանրապես չեն մտնում, ծավալվում էին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի մոտ Իրանի կրթության նախարար Ալի Ասղար Ֆանիի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ։ Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը հայտարարեց, որ «Ադրբեջանում կրոնական կոնֆլիկտ չկա»։

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող ISESCO գերագույն համաժողովի 12–րդ նստաշրջանում ասաց, որ Ադրբեջանը պայքարում է իսլամատյացության դեմ և որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս արտասահմանում իսլամական մշակույթի քարոզչությանը։ Միևնույն ժամանակ Նարդարանում տասնյակ մարդկանց էին ձերբակալում չափազանց իսլամացված լինելու կասկածանքով։ Ադրբեջանի նախագահի վարչակազմի խոսափողը` Haqqin.az կայքը ընդհանրապես բացահայտ կոչ արեց հեռացնել Նարդարանը որպես «բորբոքված կույր աղի»։

Միանգամայն ալիևական ոճի մեջ է իսլամիստների ձերբակալությունը սեփական երկրում և իսլամական արժեքների քարոզումը երկրից դուրս։ Հավանաբար, հայերը «թիվ 1 թշնամի» պաշտոնի առաջատարի հավակնող մրցակիցներ են ձերք բերել։ -0-

Անժելա Էլիբեգովա, փորձագետ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության գծով

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ