Հայաստանի երիտասարդական հավաքականը (մինչև 21 տարեկան) ուրբաթ ծանր հանդիպում է ունենալու՝ սեփական դաշտում ուժերը չափելով Չեխիայի հավաքականի հետ, որին մասնագետները համարում են Եվրո-2013-ի առաջնության ընտրական փուլի երրորդ խմբի գլխավոր ֆավորիտը:
Կայանալիք հանդիպման կարևորությունը դժվար է գերագնահատել, քանի որ խաղում են խմբի առաջատարները, և այս հանդիպման հաղթողը առաջին տեղը զբաղեցնելու հիանալի հնարավորություն կստանա: Երեք խաղերից հետո երկու թիմերն էլ 7-ական միավոր են վաստակել, միաժամանակ պետք է ընդգծել, որ սեպտեմբերին կայացած այս հավաքականների առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի հաշվով (1:1):
Երիտասարդական հավաքականի նկատմամբ հայ երկրպագուների անսովոր հետաքրքրությունն ունի մի քանի պատճառ, որոնցից գլխավորն անկասկած այն է, որ երիտասարդները հիանալի են հանդես գալիս խմբում: Չարժե նաև մոռանալ ազգային հավաքականի հաջող ելույթների մասին, որոնց շնորհիվ հայ երկրպագուն վերադարձավ մարզադաշտ, և նրան նորանոր հաղթանակներ են հարկավոր:
Այս ամենի կապակցությամբ հարկ է նշել, որ Հայաստանի երիտասարդական հավաքականում հանդես են գալիս վեց ֆուտբոլիստներ, ովքեր արդեն հանդես են եկել ազգային հավաքականում: Միաժամանակ հիմնական թիմի հաջողությունները բացատրվում են փորձի և երիտասարդ տարիքի ներդաշնակ համադրությամբ:
Մարզիչների կարծիքը
Չեխիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Յակուբ Դովալիլը հանդիպումից առաջ տված իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ կայանալիք հանդիպման ժամանակ նրա թիմի գլխավոր նպատակն է վաստակել ամենաքիչը մեկ միավոր:
«Երևանում կայանալիք հանդիպումը խմբից դուրս գալու պայքարում առանցքային պայքարներից մեկն է լինելու», - ընդգծել է Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Նազարյանն իր հերթին նշել է, որ Չեխիայի հավաքականը բավականին շարժուն, կազմակերպված և արագ թիմ է, «սակայն ի տարբերություն չեխական թիմի մարզչի կարծիքի՝ ես չեմ կարծում, որ այս հանդիպումը վճռորոշ է, քանի որ առջևում դեռ չորս հանդիպում կա», - նշել է նա:
Նազարյանը նաև նշել է, որ չեխերի հետ հանդիպման ժամանակ հայկական թիմը կփորձի հարձակողական ոճի ֆուտբոլ խաղալ:
«Մենք պետք է փորձենք խաղալ նույն ոճով, ինչ ազգային հավաքականը», - ասել է Նազարյանը հանդիպումից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ հանդիպումից առաջ որևէ մտահոգող խնդիր կամ հարց չկա:
«Ավելի լավ է խաղալ նոյեմբերին, քան մարտին, այժմ ֆուտբոլիստները հոգնած չեն, նրանք լավ մարզավիճակում են, լավ հոգեվիճակում են», - ավելացրել է Հայաստանի հավաքականի մարզիչը:
Բուքմեյքերների կանխատեսումները
Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում չեխական հավաքականին: Այսպես, Williamhill հայտնի բուքմեյքերական գրասենյակը Չեխիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,91 գործակից, ոչ-ոքին՝ 3,25 գործակից, հայկական թիմի հաղթանակը՝ 3,40 գործակից:
«bwin» միջազգային բուքմեյքերական գրասենյակի փորձագետները Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատել են 3,90 գործակից, Չեխիայի հավաքականի հաղթանակը՝ 1,85 գործակից, ոչ-ոքին՝ 3,30 գործակից:
Հայաստանի «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակում ևս այդքան էլ չեն հավատում հայ երիտասարդների հաղթանակին: Չեխերի հաղթանակը նրանք գնահատել են 1,89, ոչ-ոքին՝ 3,20, հայկական հավաքականի հաղթանակը՝ 3,65 գործակից:
Հարկավոր է նշել է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը համաձայն է մասնագետների այն կարծիքի հետ, որ խմբի ֆավորիտը Չեխիայի հավաքականն է, սակայն նրա խոսքով, դա ամենևին էլ չի նշանակում, որ ֆավորիտները պետք է միշտ հաղթեն:
Ամեն դեպքում կարելի է վստահ նշել, որ մեզ սպասում է գրավիչ հանդիպում, և կասկածից վեր է այն, որ խաղացողները կցուցադրեն ամենն, ինչին ունակ են: Չէ՞ որ բոլորովին վերջերս Հայաստանի ազգային հավաքականը նոր նշանաձող սահմանեց և փոխեց պատկերացումները հայկական ֆուտբոլի մասին:
Ռաֆայել Խոջոյան, «Նովոստի-Արմենիա» գործակալություն
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ