ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ. Հայկական ընդդիմությունը վերադարձրեց «Ազատությունը»
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած միավորված ընդդիմությունը վերադարձավ Ազատության հրապարակ երեք տարվա ընդմիջումից՝ 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ հանրահավաքի մասնակիցների և իրավապահ մարմինների բախման հետևանքով զոհվեց 10 մարդ, վիրավորվեց ավելի քան 200-ը: Մատենադարանի մոտ սկսված հանրահավաքը սահուն կերպով վերածվեց երթի և ավարտվեց Ազատության հրապարակում խաղաղ հանրահավաքով:
Հանրահավաք և երթ
Արմատական Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը սկսվեց ժամը 17.20-ին Մատենադարանի հարակից հրապարակում: Ոստիկանության տվյալների համաձայն՝ հանրահավաքին մասնակցել է 9000 մարդ, ընդդիմությունը մի քանի անգամ ավելի մեծ թիվ է նշում:
Իր ելույթում ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ Հայաստանում առաջացել է աննախադեպ պայթյունավտանգ իրավիճակ թե ներքաղաքական մթնոլորտի շիկացման, թե սոցիալ-տնտեսական խնդիրների կուտակվածության, և թե իշխանությունների կատարյալ ապիկարության դրսևորման տեսակետից, որը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում:
Նա միանշանակ կերպով հայտարարեց Հայաստանում թունիսյան և եգիպտական իրադարձությունների սցենարների կրկնության հնարավորության մասին:
«Բայց հավատացած եմ, որ ի տարբերություն այդ երկրների՝ Հայաստանում դա տեղի է ունենալու սահուն, անցնցում կերպով։ Ձեզ հետ միասին մենք ընտրել ենք այդ ճանապարհը, և իշխանությունն ստիպված է լինելու ընդունել մեր թելադրած խաղի կանոնները, այն է՝ մեզ հետ խոսել ոչ թե բիրտ ուժի, այլ հավասար քաղաքական գործընկերոջ դիրքերից», - հայտարարել է Տեր-Պետրոսյանը:
Հանրահավաքն ավարտվել է ժամը 18.30-ի սահմաններում, ինչից հետո կազմակերպիչների կոչով սկսվել է երթ դեպի Ազատության հրապարակ, որտեղ այդ պահին հացադուլ էր անցկացնում «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առանջորդ, ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք կգնանք և բանակցություններ կվարենք ոստիկանների հետ: Եթե ոչինչ չստացվի, այդ ժամանակ ժողովուրդը կմտնի հրապարակ: Մենք բախումներ չենք ցանկանում», - ասել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Բանակցություններ ոստիկանության հետ և խաղաղ հռետորականություն
Կարճատև բանակցություններից հետո իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեզոք և ըմբռնող վերաբերմունք դրսևորեցին՝ թույլ տալով երթի մասնակիցներին մտնել Ազատության հրապարակ:
Հանրահավաքի մասնակիցներն արագորեն մտան հրապարակ, որտեղ միանգամից սկսեցին տեխնիկա տեղադրել՝ ընդդիմության առաջնորդների ելույթի համար:
Ազատության հրապարակում Տեր-Պետրոսյանի հանրահավաքային հռետորականությունը շատ խաղաղ էր: Նա հավաստիացրեց, որ ընդդիմությունը չի պատրաստվում պայքարել պետականության ինստիտուտների դեմ և պայքար է մղում բոլոր նրանց դեմ, ով փորձում է խաթարել այդ ինստիտուտների բովանդակությունը:
«Սա քաղաքական խնդիր է, որը ցանկանում է լուծել ժողովուրդը՝ կամ երկխոսություն սկսելով իշխանությունների հետ, կամ հակառակվելով նրանց... Հաղթում է զուսպն ու ինքնավստահը, այլ ոչ թե խելագարը: Մենք պետք է հասկանանք, որ դա մեկ օրվա հարց չէ, սակայն սա երկար չի տևի...», - նշել է նա:
Ընդդիմությունը որոշել է հաջորդ հանրահավաքն անցկացնել ապրիլի 8-ին:
Հանրահավաքն անցկացվում էր ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի (Մեծ Բրիտանիա) և Ակսել Ֆիշերի (Գերմանիա) սևեռուն ուշադրության ներքո, ովքեր այս օրերին գտնվում են Երևանում և բարձրագույն ղեկավարության հետ քննարկում են Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրագործման գործընթացը:
Թեև օրը դարից երկար է ձգվում, սակայն ժամանակն էլի չի բավականացնում
Այն դեպքում, երբ արմատական ընդդիմությունը, կազմակերպիչների կոչերի ներքո, խաղաղ ցրվեց, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր հացադուլը:
Արմատական ընդդիմության հանրահավաքի ավարտից հետո նա լրագրողներին տեղեկացրեց, որ վերջին երեք օրվա ընթացքում ժողովուրդը վերականգնել է հավաքներ անցկացնելու իր իրավունքը:
«Սա առանձին մարդկանց և քաղաքական ուժերի վաստակը չէ, սա ժողովրդի վաստակն է», - նշել է Հովհաննիսյանը:-0-

