Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպումից մինչև ՀՀ սոցիալական հարցերի նախարարի հրաժարականը և վարչապետի ՀՀԿ անդամ դառնալը. շաբաթվա արդյունքների ամփոփում
Հայաստանում նախորդ շաբաթը նշանավորվեց հետաքրքիր քաղաքական իրադարձություններով, որոնց թվում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մյունխենյան հանդիպումը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանի հրաժարականը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ՀՀԿ շարքերը համալրելը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դարձավ ուղիղ բանակցությունների վեցերորդ փուլը, որոնք մեկնարկել են 2008 թ.-ի հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Հանդիպումը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Մյունխենում՝ Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում:
Սպասվում էր, որ Սարգսյան-Ալիև կայանալիք հանդիպումը ղարաբաղյան հակամարտության սրումից ի վեր կարող էր իրական ցատկ դառնալ հակամարտության կարգավորման գործում, հատկապես եթե հաշվի առնենք այն աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք վերջերս նկատվել են տարածաշրջանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կապակցությամբ: Սակայն չորս ժամ տևած քննարկումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները լքեցին բանակցությունների սրահը՝ չանելով որևէ մեկնաբանություն:
Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է արևմտյան մամուլը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, որ կիրակի Մյունխենում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ կողմերը «զգալի առաջընթաց են» ձեռք բերել, սակայն նկատվել են նաև դժվարություններ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը հինգշաբթի հրաժարականի մասին դիմում է ներկայացրել առողջական վիճակի բերումով: Սակայն մամուլի հրապարակումների համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի անդամ է Գևորգյանը, դժգոհ էր իր նախարարի աշխատանքից:
Հրաժարականը բազմաթիվ քննարկումների և ենթադրությունների թեմա դարձավ հասարակական և պետական հատվածների տարբեր ներկայացուցիչների շրջանում:
Մասնավորապես Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը չկապեց նախարարի հրաժարականը կառավարությունում տեղի ունեցող քաղաքական տեղափոխությունների գործընթացի կամ իշխանական օղակների ներսում քաղաքական տարաձայնությունների հետ:
«Կարծում եմ, որ նրա հեռանալը հիմնավորված է բացառապես նրանով, որ նրա կողմից իրականացվող աշխատանքը ընդհանրապես չէր համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», - ասել է Կարապետյանը:
Նման կարծիք ունի նաև իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով կարծում է, որ երիտասարդ նախարարի հրաժարականը ՀՀ կառավարությունում տեղի ունեցած քաղաքական տեղափոխությունների արդյունք չէ:
«Չեմ կարծում, որ մինչև տարեվերջ Հայաստանի կառավարությունում փոփոխություններ տեղի կունենան: Եթե ինչ-որ բան ծրագրվեր, ապա մեր կուսակցությունը տեղյակ կլիներ: Նշեմ, որ ի տարբերություն ողջ քաղաքական դաշտի՝ մենք փորձում ենք չմիջամտել կառավարության լիազորություններին», - ասել է Սահակյանը:
ՀՅԴ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Արա Նռանյանը նշեց, որ նախարարի հրաժարականի հարցը գտնվում է կառավարության և քաղաքական կուսակցությունների իրավասության տակ, որոնք էլ պետք է համապատասխան եզրակացություններ անեն:
«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, ում նշանակել նախարարի պաշտոնում քաղաքական հեղինակությունը բարձր պահելու համար»,- հայտարարեց Նռանյանը:
«Բարգավաճ Հայաստան խմբակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ Պետրոսյանն ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել, և կուսակցությունը պաշտոնական հաղորդագրությանն ավելացնելու բան չունի:
Քաղաքական դասավորվածության հարցում շաբաթվա ոչ պակաս կարևոր իրադարձություն էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ՀՀԿ անդամ դառնալը:
Շատերի համար ՀՀԿ-ի շարքեր վարչապետի անցնելը սենսացիա չէր: Մասնավորապես, նույն Սահակյանը Սարգսյանի որոշումը բացատրեց «վերջինիս կամարտահայտության դրսևորմամբ»:
«Չարժե այս հարցում սենսացիա փնտրել: Մեզ համար վարչապետի՝ ՀՀԿ-ի շարքեր մտնելը սենսացիա չէ, այլ նրա ազատ կամքի դրսևորումը: Մենք քվեարկել ենք նրա օգտին, առաջադրել ենք նրա թեկնածությունը վարչապետի պաշտոնին», - ասել է Սահակյանը:
Ռոման Մելիքյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

