Հայաստանից Ադրբեջանին. ՍԾՏՀԿ-ի ուժեղացումը համաշխարհային ճգնաժամի պայմաններում

17.04.2009, 13:05
Հայաստանից Ադրբեջանին. ՍԾՏՀԿ-ի ուժեղացումը համաշխարհային ճգնաժամի պայմաններում
Հայաստանից Ադրբեջանին. ՍԾՏՀԿ-ի ուժեղացումը համաշխարհային ճգնաժամի պայմաններում

Հայաստանում ավարտված Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) ԱԳ նախարարների խորհրդի նիստը եզրափակեց այդ կառույցում Հայաստանի կես տարվա նախագահությունը։

ՍԾՏՀԿ-ն ստեղծվել է 1992 թ.-ին, և Հայաստանը դրա հիմնադիրներից էր։ Այժմ ՍԾՏՀ-ի մշտական անդամներն են Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հայաստանը, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան և Սերբիան: ՍԾՏՀԿ-ում դիտորդ-երկրներն են Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան և ԱՄՆ-ը։

Հայաստանը, որը ստանձնել է ՍԾՏՀ նախագահող երկրի պարտականությունները 2008թ.-ի նոյեմբերին, նախագահության ընթացքում զգալի հաջողությունների է հասել, ինչը ապրիլի 15-16-ն անցկացվող կազմակերպության նիստի ժամանակ հաստատեցին նաև անդամ-երկրները։ Նիստի ընթացքում ՍԾՏՀ անդամ-երկրների, դիտորդ- երկրների ԱԳ նախարարները և միջազգային կառույցների ներկայացուցիչները քննարկեցին տարածաշրջանի վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունն ու դրա հաղթահարման հնարավոր ուղիները, ուշադրության կենտրոնում պահեցին ՍԾՏՀ աշխատանքների արդյունավետության բարձրացումը։

Ինչպես ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանը կազմակերպությունում իր նախագահության ընթացքում առավելագույն ջանքեր է գործադրել ՍԾՏՀ-ի հեղինակության բարձրացման, երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման, կառույցի և այլ միջազգային կազմակերպությունների միջև գործընկերության ընդլայնման համար, անցկացրել է բազմաթիվ կոնֆերանսներ, սեմինարներ, կլոր սեղաններ, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության մասին հռչակագրեր է ստորագրել։

Փոխանցելով ՍԾՏՀ-ի նախագահությունը Ադրբեջանին՝ ՀՀ ԱԳ նախարարը հետնորդին հաջողություններ է մաղթել տարածաշրջանի համախմբան և ամրապնդման գործում։

Հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում ՍԾՏՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի մասնակցությունը՝ «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում սկսված երկու երկրների հարաբերությունների ջերմացման համատեքստում։ Դեռևս Երևանի ճանապարհին Բաբաջանը հայտարարել էր, որ Թուրքիան կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների լիովին նորմալացմանը և այդ երկրի հետ հարաբերություններում համապարփակ լուծման է սպասում։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993թվից։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում, երբ սրի էր հանվել շուրջ մեկուկես միլիոն հայ։ Բացի այդ, Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում զբաղեցնում է ադրբեջանամետ դիրքորոշում։ Պաշտոնական Երևանն իր հերթին հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։

Սակայն թուրք նախարարը, միաժամանակ, իրեն չզսպեց Ադրբեջանին շողոքորթելուց՝ հայտարարելով, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացումը պետք է ընթանա բազմամյա ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին զուգահեռ։

ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի երևանյան նիստի շրջանակներում կայանալիք մամուլի ասուլիսի մեկնարկին սպասող լրագրողներն այդպես էլ չկարողացան որևէ մեկնաբանություն ստանալ Բաբաջանից, ում ամուր մեկուսացրել էին նրան շրջապատող բազմաթիվ թիկնապահներն ու պատվիրակության անդամները։

ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանտոպուլոսի, Ալբանիայի փոխարտգործնախարար Ալբերտ Գաջոյի և Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիևի մասնակցությամբ, որը տևեց շուրջ մեկուկես ժամ։

Հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում հատուկ հետաքրքրություն կար  հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հարցի վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լակոնիկ էր. նա նշեց, որ այդ հարցը կարող է լուծվել մոտ ապագայում, իսկ կողմերի միջև բանակցություններում արդեն առաջընթաց է արձանագրվել։

Միաժամանակ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման և հարաբերությունների վերականգնման հնարավորության նկատմամբ Ադրբեջանի արձագանքը սպասելի էր։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամադկուլիևը նշեց, որ իր հանրապետությունը հետաքրքրությամբ է հետևում հայ-թուրքական կապերի վերականգնման գործընթացին, սակայն կարծում է, որ դրանք պետք է կապված լինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։

Մամադկուլիևի խոսքերով՝ Ադրբեջանը Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունները դիտարկում է որպես երկու երկրների գործ և նախընտրում է չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին։ Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեն չլուծված խնդիրներ՝ Ադրբեջանը չի կարող անտարբեր լինել տեղի ունեցածի նկատմամբ։

Կողմերը չկարողացան ուշադրություն չդարձնել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին ու բանակցային գործընթացում Թուրքիայի հնարավոր մասնակցությանը։ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների գնահատականները, ինչպես և սպասվում էր, տարբեր էին։

ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդ չէ, իսկ բանակցությունների միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Միաժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարարը նշեց, որ ադրբեջանական կողմը պատրաստ է քննարկել հակամարտության կարգավորմանն ուղղված Թուրքիայի առաջարկությունները։ Ընդ որում, ինչպես հիշեցրեց ադրբեջանցի դիվանագետը, Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և տարածաշրջանային լուրջ խաղացողներից մեկը։

Մամուլի ասուլիսի ավարտից հետո ՍԾՏՀ պատվիրակները պետք է հանդիպեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

ՍԾՏՀ անդամ-երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ժամանած պատվիրակություններն այսօր մեկնում են Հայաստանից։

Անժելա Օսիպովա, «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալության մեկնաբան