Հայաստանի նախագահությունը ԵՏՄ-ում` որպես երկրի հեղինակությունը բարձրացնելու նոր հնարավորություն. փորձագետների գնահատականներն ու ակնկալիքները
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. 2018 թ.-ի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանին փոխանցեց նախագահությունը ԵՏՄ-ում և հաջողություն մաղթեց«հայ ընկերներին»:
Ուրբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի գլխամասային գրասենյակում` ներկայացնելով առաջնահերթությունները ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության ժամանակ:
Հասկանալու համար, թե ինչ հեռանկարներ են բացվում Հայաստանի առաջ ԵՏՄ-ում նախագահության ժամանակ, ինչպես նաև, թե ինչ մարտահրավերների հետ կբախվի երկիրը, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը զրուցել է հայ և ռուսաստանցի փորձագետների հետ, ովքեր մանրամասն վերլուծել են իրավիճակը և նշել գործունեության հիմնական ուղղությունները, որոնք պետք է լինեն հայկական կողմի առաջնահերթությունների թվում:
Strategy Foundation –ի նախագահ Մեցո Իգիթյանը կարծում է, որ ԵՏՄ–ում իր նախագահության ընթացքում Հայաստանը կարող է ոչ միայն զգալի ներդրում ունենալ միության թվային օրակարգի զարգացման գործում, այլև նպաստել միության ավելի լայն ներուժի կիրառմանը։
«Այսօր Հայաստանն աշխարհի առաջատար երկրներից մեկն է IT տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, և այդ ներուժն օգտակար կլինի օգտագործել նաև` ի շահ ամբողջ ԵՏՄ-ի: Իրականացնել և առաջարկել հավակնոտ ծրագրեր` օգտագործելով գործընկեր երկրների հզորությունները», - ասաց Իգիթյանը:
Հայաստանցի մասնագետների մշակումների և միության անդամ պետությունների արտադրական հզորությունների համատեղ օգտագործման օրինակներից Strategy Foundation-ի նախագահը նշեց 2018 թ.-ին միության շրջանակում ԵՏՄ տիեզերական արբանյակների համատեղ արտադրության համաձայնագրի ստորագրումը: Նա ընդգծեց, որ այդ գործընթացի ձևաչափում կօգտագործվեն «Գեոկոսմոս» հայկական ձեռնարկության գիտական մշակումները։
«Արբանյակները կօգտագործեն բելառուսական էլեկտրոնային կոմպլեկտավորող բազան և բելառուսական օպտիկական մուլտիսպեկտրալ համակարգերը: Ընդ որում նոր սերնդի «բարձր թողունակությամբ» արբանյակները կարտադրվեն Ռուսաստանում, իսկ միջին թողունակությամբ` Ղազախստանում», - ասաց Իգիթյանը:
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին նշեց, որ իր նախագահության ընթացքում Հայաստանը կփորձի Եվրասիական բարձրագույն տնտեսական միության նիստերից մեկը կազմակերպել Երևանում։
«Խորհրդի նիստերից մեկը Հայաստանում անցկացնելուց բացի, պաշտոնական Երևանը քայլեր կձեռնարկի` ուղղված թվային տնտեսության և ԵՏՄ թվային շուկայի զարգացմանը», - ասաց Իսկանդարյանը:
Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՄ-ն կզարգանա նույնպես, ինչպես դա եղել է նախկինում։
Ըստ տնտեսագետ Հրանտ Միքայելյանի, ԵՏՄ-ում Հայաստանի նախագությունից ունեցած սպասումները պետք է բաժանել երկու մասի` գործնական և տեսական:
«Գործնական սպասումների շարքին կարելի է դասել ԵՏՄ միջոցառումների հնարավոր անցկացումը Հայաստանի տարածքում` ընդհուպ մինչև Միության անդամ պետությունների գագաթնաժողովի անցկացումը». – ասաց Միքայելյանը։
Ինչ վերաբերում է տեսական սպասումներին, ապա, ըստ տնտեսագետի, նման սպասումների շարքին կարելի է դասել Հայաստանի կողմից ԵՏՄ անդամ պետությունների համար կոնկրետ նախաձեռնությունների առաջադրումը, որոնք ուղղված կլինեն ընդհանուր ինտեգրման խորացմանը և Միության գործունեության արդյունավետության բարձրացմանը:

