Տարոն Մարգարյան. քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երևանի հաշվին
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին շրջանում երևանցիների ուշադրության կենտրոնում է հայտնվել Երևանի կենտրոնական մասում ընթացող կառուցապատման աշխատանքների հարցը։
Կառավարությունը վերջին նիստի ժամանակ որոշում է ընդունվել Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ քաղաքաշինական գործունեության իրականացումը գերիշխում է սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ մայրաքաղաքի կենտրոնում կվերացվեն կիսաքանդակ, ոչ սեյսմակայուն և վթարային բնակարանային ֆոնդերը, որոնց փոխարեն Երևանի կենտրոնում հնարավոր կլինի վերականգնել քաղաքի ճարտարապետական և պատմական տեսքը։
Երևանցիները, սակայն, այս տեղեկությունն ընկալում են փոքր–ինչ այլ տեսանկյունից` արդարացիորեն մտահոգվելով այն հարցի շուրջ, թե, արդյոք, կպահպանվի հենց այն Երևանի տեսքը, որի մասին երազել են հայտնի երևանցիների բազմաթիվ սերունդներ։
Կառավարության որոշման ընդունման հենց հաջորդ օրը Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն հրավիրեց, որին ներկա են գտնվել Երևանի գլխավոր ճարտարապետը, «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենը, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի աշխատակիցները:
Խորհրդակցության օրակարգում քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառում 2015թ. հիմնական բացթողումներն ու հետագա գործողություններն էին, ինչպես նաև Երևանի պատմական–մշակութային քաղաքաշինական ժառանգության պահպանման հարցը։
«Այս օրերին մամուլում կարդում եմ քաջ և նվիրված մեր երիտասարդների մեկնաբանությունները Երևանի հին շենքերի պահպանման մասով և մեծ հույսով եմ լցվում, ուրախանում, որ անտարբեր չեն: Ուրախանում եմ, որ ոչ միայն սոցցանցերում նստած մեկնաբանություն են գրում, այլև պայքարում են ամեն մի քարի պահպանման համար: Բայց իրար մեղադրելով հարցեր չեն լուծվում, ու որպես միջնորդ, այս դեպքում, պետք է գործի քաղաքապետարանը: Իսկ ի՞նչ եք անում դուք այս օրերին. մեր մասնագետների կցկտուր և խուսափողական պատասխաններն ավելի շատ անորոշություն են մտցնում», – նշել է Մարգարյանը։
Քաղաքապետը նաև սրտացավ վերաբերմունք է պահանջել ոլորտի պատասխանատուներից, ովքեր իրենց լիազորությունների շրջանակում ոչ միայն կարող են, այլև պարտավոր են կառուցապատողներից պահանջել բացառել Երևանի արտաքին տեսքն աղավաղող և մայրաքաղաքի ճարտարապետությանը ոչ հարիր կառույցների նախագծեր պատվիրելը: Ընդ որում, անընդունելի մոտեցումները պետք է բացառվեն բոլոր վարչական շրջաններում. ինչն անթույլատրելի է կենտրոնում, թույլատրելի չէ նաև ծայրամասերում:
«Երբեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք պատվիրատուի ներկայացուցիչն եք քաղաքապետարանում, այլ ոչ թե քաղաքի շահերը ներկայացնողը: Ճարտարապետն այն մարդն է, ով պետք է հետք թողնի պատմության մեջ: Այսպիսի՞ հետք եք ուզում թողնել ձեզանից հետո: Մեկընդմիշտ հիշեք, որ քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երևանի հաշվին: Եվ հետո, Երևանի քաղաքապետարանը նախագծային գրասենյակ չէ ձեզ համար, որ թղթաբանությունն ավարտեք ու տուն գնաք: Փոխե՛ք ձեր մոտեցումները: Եղե՛ք պահանջկոտ ու սկզբունքային պատվիրատուների հետ», – ընդգծել է քաղաքապետը։
Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ թե՛ ինքը և թե՛ Երևանի քաղաքապետարանը երբեք չեն խուսափել պատասխանատվությունից, բայց անհրաժեշտ է քաղաքացիներին տեղեկացնել, որ քաղաքաշինական բազմաթիվ խնդիրներ, տրամադրված շատ շինթույլտվություններ և ներկայում խնդրահարույց բազում որոշումներ ոչ թե այսօրվա արդյունք են, այլ մի քանի տասնամյակի ընթացքում են կուտակվել: Եվ, որ ամենացավալին է, իրավական տեսանկյունից այսօր շատ դեպքերում Երևանի քաղաքապետարանը հնարավորություն չունի վիճարկել այդ որոշումները: Ըստ այդմ, քաղաքապետը հանձնարարել է առավելագույն հրապարակայնություն ապահովել այս հարցերում:
«Մեր վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքաշինությանն ու քաղաքի արտաքին տեսքին վերաբերող հարցերը մեր համաքաղաքացիների համար կարևոր են, և այս հարցում ցանկություն կա ուղիղ մասնակցել որոշումների կայացմանը: Ուրեմն մտածենք մեխանիզմներ, որոնք կապահովեն առավելագույն հրապարակայնություն և հանրության մասնակցություն. լինի դա համապատասխան շենքերի ցանկերի հրապարակում, հանրային քննարկումների անցկացում, թե առցանց ֆորում: Երևանցին պե՛տք է մասնակցի իրեն հուզող հարցերի քննարկմանը», - նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ նման հարցերի բազմակողմանի լուսաբանման հետ կապված ԶԼՄ-ների հետ համագործակցությունն ուղղակի անհրաժեշտություն է, քանզի աղճատված ու միակողմանի նյութերը վնասում են ոչ միայն Երևանի քաղաքապետարանին, այլև հենց երևանցիներին:
Ցանկություն կա հավատալու, որ այս խոսքերը չեն լինի միայն Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության չոր տողեր, և որ անելանելիության զգացմունքին, որն այսօր ապրում են բազմաթիվ սրտացավ երևանցիներ, կփոխարինի երկար սպասված հույսը, որ մեծն Թամանյանի երազած քաղաքը չի պարուրվի դիմազուրկ բետոնով։ –0–
