Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ

13.11.2016, 15:14
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում: Այս ծառատունկի շրջանակում նախատեսվում է ևս 20 հազարը տնկել, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համաքաղաքային ծառատունկի ժամանակ:

Մայրաքաղաքի հետևողական կանաչապատումը

«Սրան զուգահեռ, բնականաբար, նաև ոռոգման ցանցն ենք տարեց տարի ընդլայնում, և ասեմ, որ անցած տարիների ընթացքում այն ավելացել է 80 կիլոմետրով, և այսօր մայրաքաղաքում ունենք շուրջ 400 կմ երկարությամբ ոռոգման ցանց», - ընդգծել է քաղաքապետն ու վստահեցրել, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ բոլոր աշխատանքները լինելու են շարունակական:

Նոյեմբերի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի, վերջինիս գլխավորած պատվիրակության անդամների, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների և բնակիչների հետ միասին, ծառեր է տնկել Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում: Երևանի քաղաքապետարանի ծրագրով ամբողջությամբ բարեկարգվող հանգստի գոտին ծառատունկի ժամանակ համալրվել է նոր տնկիներով, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 - рис.1

Քաղաքապետն առանձնակի կարևորել է համաքաղաքային ծառատունկերին երևանցիների ակտիվ մասնակցությունը՝ նկատելով, որ վերջին տարիներին ավելի մեծ թվով բնակիչներ են մասնակցում նախաձեռնությանը: 

«Արդեն բարի ավանդույթ է դարձել տարեկան, առնվազն երկու անգամ համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակների անցկացումը: Եվ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ յուրաքանչյուր անգամ ավելի մեծ թվով մարդիկ ու կազմակերպություններ են մասնակցում դրանց, ինչը, վստահաբար, խոսում է հարազատ քաղաքի հանդեպ մեր համաքաղաքացիների սրտացավության աճի մասին», - ասել է նա:

Մարգարյանը հիշեցրել է, որ վերջին մի քանի տարիներին քաղաքապետարանը ծրագրային հստակ քաղաքականություն է իրականացրել ու իրականացնում՝ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման և նորերի ստեղծման ուղղությամբ: 

«Պետք է փաստենք, որ այդ քաղաքականությունը բերել է շոշափելի արդյունքների: Վերջին տարիներին մայրաքաղաքում բարեկարգվել ու ստեղծվել են շուրջ 50 հեկտար կանաչ ու ծաղկապատ նոր տարածքներ, զբոսայգիներ և պուրակներ: Նուբարաշենի 2 հեկտար տարածքով այս զբոսայգին, որն այս տարի սկսել ենք բարեկարգել, ևս դրանց շարքում է»,- նշել է քաղաքապետը: 

Նրա խոսքով, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի մասնակցությունը ծառատունկին ևս մեկ վկայությունն է այն ջերմ ու բարեկամական հարաբերությունների, որ ձևավորվել է երկու քաղաքների միջև:

Պայքար ապօրինի ծառահատումների դեմ

Անդրադառնալով ապօրինի ծառահատումների խնդրին՝ Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ դատապարտում է այդ երևույթն ու նկատել, որ դրանք կատարողները պետք է խստորեն պատժվեն: Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում ընթացք է տալիս գրանցված յուրաքանչյուր դեպքին՝ դրանք փոխանցելով ինչպես Բնապահպանական պետական տեսչությանը, այնպես էլ՝ Երևան քաղաքի դատախազությանը: 

 - рис.2

«Անշուշտ, ցավալի է, որ մենք դեռ ունենք նման դեպքեր, սակայն նաև պետք է արձանագրենք, որ համեմատության մեջ դրանք նվազել են: Օրինակ 5 տարի առաջ տարեկան շուրջ 200 ապօրինի ծառահատման դեպք էր արձանագրվում, իսկ այսօր դրանք 10 կամ 20 են: Բայց ինձ համար նույնիսկ 1 ապօրինի ծառահատումն է անընդունելի», - ընդգծել է նա ու կոչ է արել համատեղ պայքարել անընդունելի այդ երևույթի դեմ: 

Նուբարաշենում նոր աղբավայրի ստեղծումը 

Նուբարաշենի աղբավայրի խնդրի լուծման համատեքստում Մարգարյանն ընդգծել է, որ այն քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է ու հավելել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ նախաձեռնվել են որոշակի քայլեր:

«Մեզ համար առաջնահերթը մայրաքաղաքում միջազգային նորմերին համապատասխան, պատշաճ աղբահանության և սանմաքրման աշխատանքների կազմակերպումն էր, որն էլ այսօր ամբողջությամբ իրականացվում է լիբանանյան «Սանիթեք» ընկերության կողմից: Պետք է արձանագրենք, որ և՛ մեր համաքաղաքացիները և՛ մայրաքաղաքի հյուրերն արդեն նկատում ու գնահատում են այն դրական փոփոխությունները, որոնք ունենք այդ առումով: Բայց սա նախատեսված ծրագրի ընդամենը առաջին փուլն էր», - ասել է նա:

 - рис.3 

Քաղաքապետի խոսքով, 2-րդ փուլով նախատեսվում է կառուցել միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր աղբավայր:

«Կարծում եմ, մինչև տարեվերջ մենք արդեն կհայտարարենք միջազգային մրցույթը, իսկ արդեն հաջորդ տարվա գարնանը կմեկնարկի շինարարությունը», - պարզաբանել է նա:

Քաղաքապետը ընդգծել է, որ շատ կարևոր է, որ այս ծրագրի իրականացման շրջանակում ամբողջությամբ կմեկուսացվի նաև Նուբարաշենի առկա աղբավայրը՝ փոխարենը ստեղծելով կանաչ տարածք:

«Ընդ որում, դա նույնպես կարվի միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ինչևէ, նախատեսված է, որ մոտ երկու տարի անց մենք արդեն կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր աղբավայր և տասնամյակների այս խնդիրը ևս կհամարենք լիարժեք լուծված», - ամփոփել է Մարգարյանը: -0-