Իվետա Մուկուչյանը կալեկոծի՞ սիրո ալիքը «Եվրատեսիլի» ժամանակ. հայկական շոու բիզնեսի կարծիքը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 2–ին Հանրայինի եթերում տեղի ունեցավ Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգի և տեսահոլովակի պրեմիերան, որը երգչուհին կներկայացնի Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը զրուցել է Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ և իմացել, թե ինչպես են նրանք գնահատում մրցույթում հաղթելու Իվետայի շանսերը։
Աստվածային Իվետա. Մայքլի Ջեքսոնի և Թինա Թյորների մեկտեղում
Տեսահոլովակի պրեմիերայից անմիջապես հետո WiwiBloggs ինտերնետային պորտալը («Եվրատեսիլի» երաժշտական ալիքի բլոգը) իր կարծիքը հայտնեց հայ երգչուհու երգի և տեսահոլովակի մասին։
«Իվետայի ներկայացրած ստեղծագործությունը մեզ չհիասթափեցրեց։ Մենք պատրաստ ենք հանել փրկարար բաճկոններն ու նրա հետ միասին լինել նույն ալիքի վրա...Երաժշտական տեսակետից սա անկեղծ և դրամատիկ ստեղծագործություն է։ Իվետայի վոկալը մեծ ազդեցություն է ներգործում», նշում է WiwiBloggs–ը։
Աղբյուրի կարծիքով` Իվետան ժամանակակից ռոք աստվածուհի է, նրան համեմատում են Մայքլ Ջեքսոնի և Թինա Թյորների հետ։ Ինչ վերաբերում է տեսահոլովակին, ապա այն ավելի տպավորիչ է դարձնում շվեդ մոդել Բեն Դահլհաուսը, որին անվանում են շվեդ «Բրեդ Փիթ»։
«Տեսահոլովակի սյուժեն հիմնված է հույզերի, այլ ոչ թե կոնկրետ գործողությունների վրա, սցենարն օգնում է Իվետային և Բենին բացահայտել սեփական մտքերն ու զգացմունքները։ Եվ դա, իսկապես, ազդեցիկ է, քանի որ մենք զգում ենք նրանցից բխող ջերմությունը։ Արդյունքում, «նրանք կարողացան ներկայացնել մարդկային զգացմունքների քիմիան, որն անցնում է ողջ մարմնի միջով»», նշում են բլոգերները։
Մկո. ակնկալում եմ, որ Հայաստանը կհաղթի
Հայտնի դերասան, պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանը (Մկո), ով Իվետա Մուկուչյանի հետ նկարահանվել է «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց, որ իրեն շատ է դուր եկել Իվետա Մուկուչյանի երգն ու տեսահոլովակը։
«Նա ունի մրցույթում հաղթելու բոլոր հնարավորությունները։ Ինձ թվում է, որ տեսահոլովակն ու երգը համապատասխանում են եվրոպական բոլոր չափանիշներին։ Ակնկալում եմ, որ Հայաստանը կհաղթի», – ասաց Մկոն։
Արամ MP3. LoveWave–ը նոր ձևաչափի երգ է
Հայտնի երգիչ Արամ MP3–ը, ով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2014»–ում, նշեց, որ LoveWave–ը նոր ձևաչափի երգ է, որը պետք է դուր գա արտասահմանյան լսարանին։
«Հասկանում եմ, որ շատերը ցանկանում են տեսնել ստանդարտ ստեղծագործություններ։ Իսկ ես կարծում եմ, որ գրավել կարող է հենց այս ոչ ստանդարտային երևույթը։ Կարծում եմ` Իվետան լավ ելույթ կունենա, քանի որ նա ունի բոլոր տվյալները։ Ընդհանուր առմամբ, ես դրական եմ գնահատում երգը», – ասաց Արամ MP3–ը։
Արամը հրաժարվեց կանխատեսել` կհաղթի՞, արդյոք, Հայաստանը, թե՞ ոչ։
«Երբեք չեմ կարողացել ճիշտ պատասխանել այս հարցը, այդ պատճառով կլռեմ», – ասաց Արամը։
Հայկո. Իվետան ըստ արժանվույն կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում
Հայտնի էստրադային երգիչ Հայկով, ով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2007»–ում, նշեց, որ նրան շատ է դուր եկել Իվետայի երգը։
«Կարծում եմ, որ Իվետան միջազգային մակարդակի աղջիկ է` ինչպես արտաքինով, այնպես էլ խարիզմատիկ կերպարով, և նա շատ լավ ելույթ կունենա «Եվրատեսիլի» բեմում», – ասաց Հայկոն։
Նրա կարծիքով` «Եվրատեսիլն» անկանխատեսելի մրցույթ է և դժվար է ասել` կհաղթի, արդյո՞ք, Հայաստանը։
«Մեծ հաշվով, ինձ համար դա ոչ մի նշանակություն չունի, ինձ համար կարևոր է, որպեսզի մեր երկրի ներկայացուցիչը ելույթ ունենա ըստ արժանվույն», – ասաց Հայկոն։
Սատարում ենք Իվետային
«Եվրատեսիլ-2016»-ը տեղի կունենա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում:
Ելույթների ճշգրիտ հերթականությունը հայտնի կդառնա մարտին։ Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք): -0-

