Տավուշի մարզի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Կառավարությունը 329,8 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի մարզի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող մարզադաշտ կառուցելու համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերման նպատակով։ Այս մասին հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա կարևոր քայլ է 2029 թվականին Հայաստանում նախատեսված ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանը պատրաստվելու համար։
«Այս նպատակով Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել, որը հաստատվել է ՈՒԵՖԱ-ի կողմից: Առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար հիմնական պայման է ՈՒԵՖԱ 4-րդ կատեգորիայի մարզադաշտ ունենալը»,-ասել է Անդրեասյանը։
Միջնաժամկետ ռազմավարությամբ նախատեսվում է հիմնել ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի երեք մարզադաշտ. մեկը՝ 35,000 նստատեղով («Ակադեմիական քաղաքում»), և երկուսը՝ 10,000-ական նստատեղով (Վանաձորում և Գետահովիտում)։
Բացի այդ, մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ նմանատիպ մարզադաշտ կկառուցվի նաև Վաղարշապատում։ Գետահովիտի մարզադաշտի համար արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն 20 սեփականատերերի հետ, և միջոցները սուբվենցիայի տեսքով կփոխանցվեն Իջևանի համայնքապետարանին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին կարևորել է այս բնակավայրերում ճանապարհային և ենթակառուցվածքների զարգացումը՝ հաշվի առնելով մարզադաշտերի շահագործումից հետո տրանսպորտային և զբոսաշրջային հոսքերի սպասվող աճը։ Մարզադաշտերի նախագծման աշխատանքներն իրականացնելու է միջազգային փորձ ունեցող «ՎենյուԷրա Հոլդինգ» ընկերությունը։

