IBF վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամը իր հայրենակից Խորեն Գևորի նկատմամբ տարած հաղթանակը անվանել է ծանր

27.08.2007, 14:56
IBF վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամը իր հայրենակից Խորեն Գևորի նկատմամբ տարած հաղթանակը անվանել է ծանր
IBF վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամը իր հայրենակից Խորեն Գևորի նկատմամբ տարած հաղթանակը անվանել է ծանր

IBF  վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը իր հայնենակից Խորեն Գևորի նկատմամբ տարած հաղթանակը անվանել է ծանր։

«Հայրենակցիս հետ պայքարելը ծանր էր, առավել ևս, որ բոլոր հայ բռնցքամարտիկները ուժեղ կամք ունեն», - ասաց երկուշաբթի Ա. Աբրահամը լրագրողներին Երևանում։

«Ես, ինչպես բոլոր հայ բռնցքամարտիկները, չեմ սիրում պարտվել, դրա համար միշտ շատ լավ եմ պատրաստվում յուրաքանչյուր մենամարտին։ Ես երկար հետևում եմ մրցակցիս մենամարտերին, ուսումնասիրում եմ նրա ուժեղ և թույլ կողմերը», - ավելացրեց Աբրահամը։

IBF վարկածով չեմպիոնը՝ Գևորի ուժեղ կողմերին դասեց արագությունը, ձախ կողմից ուժեղ հարվածները, ինչպես նաև անընդհատ գրոհները։  

«Ես առաջին հինգ ռաունդներում ընտրեցի պաշտպանության ռազմավարությունը, քանի որ նախօրոք գիտեի, որ այդպիսի տեմպով Գևորը 5-6 ռաունդից ավել չի կարող դիմանալ, և ես ճիշտ էի։ Նրա հետ մենամարտում կարևորը արագությանը դիմանալն է», - ընդգծեց Աբրահամը։

Բռնցքամարտիկը նաև նշեց, որ ոչ այդքան տեղին է համարում երկու հայրենակիցների միջև մենամարտը։

«Գևորը պարտավոր չէր մենամարտել ինձ հետ, նա կարող էր հավակնել այլ վարկածում տիտղոսի, և այդ դեպքում Հայաստանը կունենար երկու չեմպիոն», - ավելացրեց Աբրահամը։

Նա նշեց, որ մենամարտից հետո նրա օգնականները հետաքրքրվում էին Խորեն Գևորի առողջական վիճակով։

«Նա ուղեղի ցնցում էր ստացել, սակայն մենամարտի հաջորդ օրը հիվանդանոցից դուրս է գրվել, քանի որ այդպես է ցանկացել», - ասաց Աբրահամը։

Միջին քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամը պաշտպանեց իր տիտղոսը օգոստոսի 18-ին Բեռլինում տեղի ունեցած իր հայրենակից Խորեն Գևորի հետ մենամարտում։

Արթուր Աբրահամը (Աբրահամյան) ծնվել է 1979 թ.-ին՝ Երևանում, այժմ ապրում և մարզվում է Գերմանիայում և ելույթ է ունենում գերմանական դրոշի ներքո 72,6 կգ քաշային կարգում։

Խորեն Գևորը (Գևորգյան) ծնվել է 1979 թ.-ին՝ Էջմիածնում (Արմավիրի մարզ), այժմ ապրում է Համբուրգում և ելույթ է ունենում Գերմանիայի դրոշի տակ։-0-