Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են. Ազիզյան

05.02.2026, 10:38
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը  հայտնել է, որ ջերմաստիճանի բարձրացումը ազդում է ոչ միայն ձմեռային, այլև ամառային Օլիմպիական խաղերի վրա
Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են. Ազիզյան

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են:

Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Ըստ Ազիզյանի` ներկայումս աշխարհում հաշվարկվում է 93 քաղաք, որոնք ունեն ձմեռային Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղերի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, սակայն մոլորակի շարունակական տաքացումն արագորեն նեղացնում է այդ հնարավոր քաղաքների շրջանակը:

Հղում անելով Observer-ին` Ազիզյանը նշել է, որ մինչև 2050 թվականը ընդամենը չորս քաղաք կկարողանան ընդունել ձմեռային Օլիմպիական խաղերը՝ առանց արհեստական ձյան օգտագործման:

«Այս խնդիրը առանցքային տեղ է զբաղեցնում Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) օրակարգում, որը պատրաստվում է հաջորդ ամիս Իտալիայի Միլան–Կորտինա քաղաքներում կայանալիք 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկին», - գրել է ՊՈԱԿ-ի տնօրենը:

Նա հայտնել է, որ կառավարող մարմինը դիտարկում է բարձրացող ջերմաստիճանների խնդրին արձագանքելու մի շարք տարբերակներ՝ Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղերի միավորում, խաղերի անցկացում տարբեր քաղաքներում կամ նույնիսկ խաղերի ավանդական մեկնարկի ժամկետների փոփոխություն՝ տարվա առավել ցուրտ ամիսներից առավելագույն օգուտ քաղելու նպատակով։

Ազիզյանի խոսքով` գլոբալ տաքացման հետևանքները ժամանակի ընթացքում միայն կխորանան։

«Ուսումնասիրության համաձայն՝ այն 93 երկրներից, որոնք նախկինում ընդունել են կամ կարող են ընդունել ձմեռային Օլիմպիական խաղերը (որոնք ավանդաբար անցկացվում են փետրվարին), մինչև 2050-ական թվականները կլիմայական պահանջներին կհամապատասխանեն ընդամենը 45–55-ը, իսկ մինչև 2080-ական թվականները այդ թիվը կնվազի մինչև 30–54», - գրել է Ազիզյանը:

Նա հայտնել է, որ ջերմաստիճանի բարձրացումը ազդում է ոչ միայն ձմեռային, այլև ամառային Օլիմպիական խաղերի վրա։

ՊՈԱԿ տնօրենը հիշեցրել է, որ 2020 թվականի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ մարաթոնային վազքերը տեղափոխվեցին Սապպորո՝ ծայրահեղ շոգից խուսափելու նպատակով, իսկ 2032 թվականի Բրիսբենի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ձմռանը, ոչ թե ամռանը՝ ավելի զով եղանակից օգտվելու համար։