Ձերբակալվել են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցներից ինը

02.03.2025, 22:18
«Փյունիկ» և «Արարատ–Արմենիա» ակումբների հանդիպման ժամանակ տեղի է ունեցել ակցիա՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով
Ձերբակալվել են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցներից ինը

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ «Փյունիկ» և «Արարատ–Արմենիա» ակումբների հանդիպման ժամանակ տեղի է ունեցել ակցիա՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով։

«Ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի մասնակիցներից 9–ին խուլիգանություն կատարելու կասկածանքով», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Երկրպագուների պահանջը

Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից (2024թ․ հոկտեմբերի 13-ին) հետո FAF շարժումը սկսեց պայքար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի համար։ Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ազատվել է պաշտոնից։

Հանդիպումից հետո FAF ֆան-ակումբի ներկայացուցիչները հավաքվել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ֆեդերացիայի ղեկավարի հետ։ Արմեն Մելիքբեկյանը դուրս չեկավ նրանց մոտ, ինչից հետո երկրպագուները պահանջեցին նրա հրաժարականը։

Այս պահանջին աջակցություն հայտնեցին «Փյունիկ», «Ուրարտու», «Արարատ», «Ալաշկերտ», «Վեստ Արմենիա», «Շիրակ», «Գանձասար» և այլ ակումբներ։ Գյումրիի «Շիրակը» արգելեց Fast TV-ին հեռարձակել իր խաղերը մարզադաշտից, քանի որ հեռուստաալիքը չէր ցուցադրել բողոքի ցույց իրականացնող երկրպագուներին և փոխարենը հարցազրույց էր հրապարակել Ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ։ Դրանից հետո ալիքը հեռացրեց տեսանյութը եթերից։

Ազգային առաջնության առաջատարներից մեկը՝ «ոան», հայտարարեց, որ համագործակցում է ՀՖՖ-ի հետ՝ հայկական ֆուտբոլի զարգացման համար և կոչ արեց երկրպագուներին նստել բանակցային սեղանի շուրջ՝ քաղաքակիրթ ձևով խնդիրները լուծելու համար։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարեց, որ հրաժարական տալու մտադրություն չունի։ Հոկտեմբերի 13-ին նա նշեց, որ 2019-2025 թթ. ռազմավարության իր ներկայացրած մասի որոշ դրույթներ դեռ չեն իրագործվել, սակայն արդեն իրականացվել են մի շարք հիմնարար փոփոխություններ։ Նա ընդգծեց, որ հասկանում է ֆուտբոլասերների դժգոհությունը, սակայն չի ընդունում վերջնագրերը։