Ցավոք սրտի, էլի քիչ տարբերություն, բայց չեմ հանձնվելու. Արթուր Դավթյանն անդրադարձել է իր մրցելույթին
05.08.2024,
15:10
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հրապարակում է արել` ամփոփելով Օլիմպիական խաղերում իր մրցելույթը
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը ինստագրամյան իր էջում անդրադարձել է Օլիմպիական խաղերում իր մրցելույթին։
Նա լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Ցավոք սրտի էլի քիչ տարբերություն։ Նվաճեցի արծաթե մեդալ, շատ երկար ու դժվար ճանապարհ անցանք այս մեդալը նվաճելու համար, բայց չեմ հանձնվելու ու կպատրաստվեմ մյուս օլիմպիական խաղերին, որ ոսկե մեդալով վերադառնամ իմ հայրենիք։
Շնորհակալ եմ իմ մարզիչներին, որ իմ կողքին կանգնած են։
Աստված առաջ»,- նշել է մարզիկը։
Հիշեցնենք, որ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը այս տարի Հայաստանին առաջին մեդալը բերեց` հռչակվելով Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։

