Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր շենքի կառուցումը նախատեսվում է ավարտել այս աշնանը․ քաղաքապետարան

02.03.2026, 13:56
Ալբերտ Ազարյանի անվան  մարզադպրոցի նոր շենքի կառուցումը նախատեսվում է ավարտել այս տարվա աշնանը
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր շենքի կառուցումը նախատեսվում է ավարտել այս աշնանը․ քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանն այսօր հայտարարել է , որ Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցումը նախատեսվում է ավարտել այս տարվա աշնանը։

«Աշխատանքները սահմաված ժամանակացույցով ընթանում են։ Մարզադպրոցի բոլոր վեց մասնաշենքերում ամբողջությամբ առաջին հարկի պատերի ամրանավորման և բետոնացման աշխատանքներն ավարտված են», - նշել է Բաբայանն այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքով՝ առաջին, երկրորդ և երրորդ մասնաշենքերում, որտեղ տեղակայված են մարզադահլիճները, երկաթբետոնե կոնստուկցիաների պատրաստման աշխատանքները առաջին մասնաշենքում կատարված են 80%-ով, երկրորդում՝ 60%-ով, երրորդում՝ 90%-ով:

«Երրորդ մասնաշենքում ընթանում են նաև արտաքին պատերի կառուցման աշխատանքները: Ֆինանսական կատարողականի մասով՝ 2026 թվականին հատկացված է այս տարվա բյուջեով դեռևս 1,5 մլրդ դրամ, որից այս պահի դրությամբ մոտ 220 մլն դրամի կատարողականն ապահովված է», - ասել է քաղաքապետի խորհրդականը՝ ընգծելով, որ ակնկալվում է՝ առաջին եռամսյակում կապահովվի մինչև 750 մլն դրամի կատարողական:

Բաբայանը տեղեկացրեց, որ այնուհետև իրենք սահմանված կարգով կդիմեն կառավարություն՝ միջոցները համալրելու համար: